Վարդան Ղուկասյանն ու Ռուբեն Մխիթարյանը կվերականգնե՞ն Սարգսյանին ու Քոչարյանին շնորհված՝ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը, որից նրանք զրկվել էին 2018-ին

Քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանն իր՝ քաղաքապետ ընտրվելու օրն արդեն իսկ խոսում էր առաջիկա պլանների մասին: Այն է՝ նախատեսում է բարձրացնել աշխատակազմի աշխատավարձերը, օգտվելու է զրահապատ մեքենայից՝ քանի դեռ իր դեմ 2007-ին իրականացված մահափորձը չի բացահայտվել, ՔՊ-ական կադրերին, «եթե լավն էղան», անպայման պահելու է, դե իսկ «Տոռմուզ Հենդոյի նմաններին» (Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հենրիկ Գասպարյան) դուրս է հանելու։ «Կապրենք, կտեսնենք»՝ ինչպես ասում է Վարդան Ղուկասյանը, որի մյուս սիրելի արհայտություններից են նաև «մի՛ խառնի»-ն ու «մի՛ վռազի»-ն։ Ղուկասյանական պատվիրաններ։

Հետևելով «քյոհնա» քաղաքապետի հորդորին՝ առանց վռազելու ու խառնելու հիշեցնենք արդեն ապրած-տեսածից մի կարևոր դրվագ. 2018-ի հեղափոխությունից ժամանակ անց Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցության առաջարկով, հիշեցնենք, ավագանին քաղաքի «պատվավոր քաղաքացու» կոչումից զրկեց նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, որն այդ կոչմանն արժանացել էր Վարդան Ղուկասյանի քաղաքապետ եղած ժամանակ՝ 2002-ին, Սերժ Սարգսյանին, որը նման պատվի էր արժանացել էր 2006-ին, երբ պաշտպանության նախարար էր։ Պատվավոր կոչումից զրկված մյուս անձն էլ Սարգսյանի եղբայր, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լևոն Սարգսյանն էր՝ նրան այդ կոչումը շնորհվել էր 2016 թվականին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի օրոք։ Վարչապետի պաշտոնից հրաժարական տված Սերժ Սարգսյանը 2018-ի հունիսին 18-ին 18 «կողմ» ձայնով զրկվեց պատվավոր կոչումից, որին, ի դեպ, արժանացել էր առանց որևէ հիմնավորման։ ԳԱԼԱ խմբակցության ներկայացուցիչն իր ելույթում, թվելով նույն կոչմանն արժանացած արժանավոր անձանց անունները՝ Վիկտոր Համբարձումյան, Մարտիրոս Սարյան, Շառլ Ազնավուր, Արկադի Փելեշյան և այլք, նշեց՝ Սարգսյանի անունն անհամատեղելի է հիշյալ անձանց կողքին, նա արժանի չէ նման կոչման։

Արդ, քանի որ Վարդան Ղուկասյանն այժմ քաղաքապետ է, Ռոբերտ Քոչարյանի մասին էլ անթաքույց ակնածանքով ու դրվատանքով է հիշում ու արտահայտվում, գուցե ավագանու առաջիկա նիստերից մեկին նախաձեռնությա՞մբ հանդես գա՝ վերականգնի «արդարությունը»՝ իր օրոք Քոչարյանին շնորհված կոչումը վերաշնորհի։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին ու նրա եղբորը «պատվավոր քաղաքացի» կոչմանը վերաարժանացնելուն, ապա այդ անձանց վերաբերյալ նախաձեռնությամբ կարող է հանդես գալ փեսա Միշիկի ընկեր, Սերժ Սարգսյանի կողմից 2018-ի մարտին (իր հրաժարականից մի քանի շաբաթ առաջ ) Մովսես Խորենացու մեդալով պարգևատրված Ռուբեն Մխիթարյանը՝ Վարդան Ղուկասյանին ազատելով այս հարցով հանդես գալու բարոյահոգեբանական դիսկոմֆորտից։ Նա էր, չէ՞, 2018-ի հեղափոխության օրերին Գյումրիի կենտրոնական հրապարակում ճվում՝ «Քա՛յլ արա, մերժիր Սերժին»։ Ի դեպ, Ղուկասյանը կարող է «դեմ» քվեարկել Սերժ Սարգսյանին «պատվավորի» կոչումը վերաշնորհելու նախաձեռնությանը, չէ՞ որ ՀՀ-ում այլևս իսկական դեմոկրատիա է, մարդիկ իրենց կամարտահայտման, դիրքորոշման համար քաղաքական և այլազան հետապնդումների չեն ենթարկվում, առավել ևս՝ նրանց նկատմամբ չբացահայտվող մահափորձեր չեն իրականացվում։

Հեղինե Մանուկյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ