![]()
«Երբ Դաշնակցությունն այստեղ խրոխտ կերպով հանդես է գալիս որպես նվաճողական կազմակերպություն, 1990-ականներին, երբ Ղարաբաղում հայկական կողմը տարածքային ձեռքբերումներ էր գրանցում, այդ նույն Դաշնակցությունը Երևանի փողոցներում միտինգներ էր անում և պահանջում էր այն ժամանակվա իշխանության հրաժարականը և այն ժամանակվա իշխանությանն էր ասում դավաճան: Բա եթե էդքան հողեր նվաճող եք, բա էդ ժամանակ ինչ էիք խոսում, այդ ինչ ցույցեր էիք անում»,- ԱԺ-ում դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Կոնջորյանը նաև նշեց. «Կամ, որ ասում են դուք հրաժարվում եք անցյալից, մեր ինքնությունից, բա էդ երբ որ Թուրքիայի նախագահը գալիս էր Հայաստան՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը նայելու, այ ցեղասպանությունն ուրացողներ, խի էիք Ծիծեռնակաբերդի լույսերն անջատում, այ Արարատն ուրացողներ, ինչու էիք հավաքականի մարզաշապիկից Արարատի պատկերը հանում, էդ սաղ դուք եք արել, բա ուրացել եք: Ձեզ թվում է մարդիկ մոռացել են, բա խի եք Դուք անցյալից հրաժարվում, ձեզ թվում է՝ այստեղ մարդիկ են նստած, ովքեր քաղաքական հիշողություն չունեն, չեն գալու ձեր երեսին ճպացնեն ձեր ապրած կյանքը: Եթե դուք Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելը համարում եք դավաճանություն, ուրեմն Դուք Խատիսյանին, Քաջազնունուն, Վրացյանին համարում եք դավաճան: Դուք ուրացել եք Դաշնակցության արմատները, Դուք ընդամենը բռնազավթել եք Դաշնակության բրենդը, եկել այստեղ նստել եք ու Դաշնակցությունից եք խոսում, Դուք ի՞նչ կապ ունեք Դաշնակցության հետ»:
Կոնջորյանի խոսքով՝ 1994 թվականի զինադադարից հետո ընդամենը երկու տարի անց Հայաստանում սկսվեց ընտրակեղծարարության մեխանիզմը. «Առաջին անգամ կեղծվեցին ընտրությունները, կարճ ժամանակ անց Հայաստանում տեղի ունեցավ հեղաշրջում: Երբ մենք խոսում ենք պետականության ամրապնդման մասին, չենք կարող խոսել ընտրակեղծարարության մասին, ժողովրդին բռնանալու մասին: Ձեր ղեկավարի իշխանության տարիներին Հայաստանում սկսվեց մի իսկական արյան բաղնիք: Դուք ազգային հարստությունը մսխել եք հաղթանակից հետո, հաղթանակից հետո ձեր երեք նախագահների իշխանության օրոք 1 միլիոն մարդ է հեռացել անվերադարձ, Ղարաբաղյան շարժման տրամաբանական հետևանքը դա է եղել»:
Դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ Հայկ Կոնջորյանն ասաց. «Պարոն Մանուկյանը հերթական անգամ նվաճում է քաղաքական անմեղսունակության Էվերեստը՝ մեղադրելով մեզ, որ մենք պաշտպանում ենք Հայաստանի ինքնիշխան սահմանները: Եկեք ՀՀ քաղաքացիներին ասեք, Դուք ինչ եք պատրաստվում անել, պատրաստվում եք հարձակվել Հայաստանի այս քարտեզից դուրս որևէ կողմի վրա, եթե պատրաստվում եք անել՝ ում հաշվին եք անում: Դուք խի եք վիրավորում մարդկանց բանականությունը, ձեզնից ի՞նչ հայրենասեր, գոնե մի եկեք այստեղ կույս ձևացեք»:
![]()