Ցավալին ոչ թե նա է, որ Թաթուլը համալիր է լցրել, այլ որ համալիրը չի լցնում նա, ով պետք է լցնի․․ Ստյոպա Սաֆարյանը

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Թաթուլի երգերը, մեծիմասամբ թխված են կամ ազդված են թուրքաարաբական կամ բալկանյան երգերից (ինչպես նկատած կլինեք մեր հայերից մեկը տեսահոլովակների համադրությամբ պարբերաբար անդրադառնում է երգագողության ու քավրի հարցերին)։ Այդպիսի երգեր Հայաստանում լսել են և անկախացումից առաջ, և հետո, և դեռ լսողներ լինելու են։ Հասարակության այդ սեգմենտը լինելու է, ինչպես որ եղել է պատմության ընթացքում, անգամ երբ Կոմիտասը հայկական երաշժտությունը մաքրում էր օտարածին մելիզմներից ու ազդեցություններից։ Պետք չէ ինքնախարազանվել, քանի որ նույնը առկա էր ու առկա է նաև Ադրբեջանում, Թուրքիայում ու այլուր։ Այլ կերպ լինել չի էլ կարող․ դրկից ապրող ժողովուրդներ են ու ազդվում են միմյանց մշակույթից, սովորույթներից։
Այո, այդ կարգի երաժշտությունը վտանգավոր է, քանի որ մշակույթը սահմաններն ամենարագն ու անմեղն է հատում՝ հասնելով մարդու սրտին, հոգուն, ինքնությանը, մտնելով ուղեղի մեջ ու դրսևորվելով նաև սոցիալական ու քաղաքական վարքագծերում։ Ցանկացած խելոք արտքին էքսպանսիա առաջին հերթին նախորդվում է մշակութային, լեզվակաт (մտածողության) ու իnքնությունը պայմանավորող այլ հենասյուների վրա գրոհով, և այդպիսի նվաճումները հաջողում են երկարաժամկետ կտրվածքով, եթե հասարակության մեջ նստվածք են տալիս ու իրենց տեղավորում, ծիլեր տալիս, ծաղկում, բարգավաճում։

Այդ ամենը որևէ տեսակի սոցիալ-քաղաքական քաղհանով կամ արգելքով արմատախիլ չես անի, այն էլ գոլոբալիզացիայի, ինտերնետի, սոցիալական ցանցերի պայմաններում, որոնք նույնպես սահմաներ չունեն։ Դա կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ մշակութային ծրագրերի, կրթության միոջոցով է միայն հնարավոր փոխարինել մերով, առաջադեմով, բարձր մշակույթով։
Թերևս իմ ատելի ԽՍՀՄ պրակտիկայից մի օրինակ բերեմ․ մեծացել եմ ծայրամասային սահմանակից շրջանում, որտեղ Երևանի ու այլ հատվածների նման ադրբեջանական երաժշտություն լսողներ էլ կային, քյարթու ռաբիզ լսող էլ կար, գուսանական երգերի /որն էլ միգուցե ժամանակի ռաբիսն է եղել/ լսարան էլ կար։ Սուտ կլինի, եթե ասեմ, որ շրջանում /և ոչ միայն մեր/ մեծամասնություն էին կազմում նրանք, ովքեր լսում էին դասական երաժշտություն, ազգային երաժշտությունից Կոմիտաս, շարականներ կամ նման այլ բաներ։ Բայց խորհրդային Հայաստանում մասնավորապես կար մի գործիք, որը նախ իմ ականջները սովորեցրեց այդպիսի երաժշտության, ապա սիրահարացրեց․ հեռուստատեսություն և ռադիո։ Ուզեիր թե չուզեիր՝ մինչև քո սիրելի /հատկապես այդ թինեյջերական տարիքում էստրադային/ ժանրի երաժշտությունը վայելելը սկզբում ստիպված էիր, ապա արդեն սիրով լսում էիր նաև դասական երաժշտություն։ Սրանից զատ էլ ավելի հզոր մի պետական գործիք կար․ դպրոցում երաժշտության, արվեստաբանության, հետո նաև հասարակագիտության/գեղագիտության դասը։ Փառք ու պատիվ մի ուսուցչուհու, որը տեղից չէր ու եկել էր Երևանից /միգուցե Երևանցի էլ չէր, այլ Երևանյան ԲՈՒՀ-ի շրջանավարտ, ով դիպլոմն ստանալու համար պարտավոր էր մի քանի տարի աշխատել մարզերում/ սկսեցինք սովորել և նոտաները, և ամենակարևորը՝ Կոմիտաս։ Թերևս նրա պատճառով էր, որ փնտրեցի ու ճարեցի Կոմիտասի երգերի գրքույկներ, տեքստեր։ Ու նա մեզ երգացնում էր երաժշտության դասին հնարավորինս շատ Կոմիտաս․․․
Սրանից զատ կար նաև մեկ այլ կարևոր գործիք․ Հանրապետության հայտնի ժողովրդական երգիչները, անսամբլերը, թատերական խմբերը գալիս և գյուղի մշակույթի տանը համերգներ / ներկայացումներ էին տալիս․․․
Իհարկե, ես կամ իմ նմանները դրանից հետո էլ մեծամասնություն չենք դարձել։ Իհարկե, ես էլ հարազատներիս, ընկերներիս հետ առիթների ժամանակ պարում և ուրախանում եմ նաև գուսանական, հայկական, ֆոլկլյորային /չէի ասի՝ քյարթու ռաբիս/ երաժշտության տակ։ Բայց կարևոր էր, որ հասարակության համար կար նշաձող ու գոնե մեծամասնությունը, եթե անգամ չէր հանդիսանում դասական երաժշտության կամ բարձր մշակույթի սիրահար, ճանաչում էր նրա գերակա կարգավիճակը, երազում էր, որ գոնե իր ժառանգը այնպիսի կրթություն ստանա, որ հաղորդակցվի բարձրի հետ։
Ո՞րն է ասելիքս․ պետությունը իր քաղաքականություններով պետք է խրախուսի այն, ինչը պոպուլյար չէ, բայց բարձր մշակույթ է ու պոպ ժանրում մրցակցության մեջ տանուլ կտա ժամանակակից երաժշտությանը, ռաբիսին ու մնացած ժանրերին, եթե պոզիտիվ աջակցության չարժանանա։ Անասելի կարևոր եմ համարում անցած տարի, օրինակ, Թումոյի այգում օպերային անվճար ներկայացումները։ Հիշում եք, թե որքան շատ մարդ էր շտապում այնտեղ դա վայելելու համար։ Հազարներ․․․ Կարևոր են պետական նշանակության տոներին բարձրարժեք, ոչ ռաբիս, արվեստի հասցված համերգային ծրագրերը։ Ու դրանք չպետք է լինեն մեկանգամյա հիացմունքի ակտեր։
Տասնամյակներով ՀՀ-ում կամ պետականորեն խթանվեց Արթուր Գրիգորյանի պետական թատրոնի շրջանակներում ստեղծված ինչ-որ սինթետիկ երաժշտություն, որն այժմ լայն հանրությունը չի լսում, որի երգիչները հայրենասիրական ու այդ կարգի երգերից հետո սահուն անցածն ռաբիսին ու ռեստորանային երաժշտությանը, ու թերևս երբեմնի հեռուստաաստղերն ու վաստակավորներն այսօր ռեստորանային լսարանից ավելին չեն էլ հավաքում, կամ ինքնաբուխ ռաբիս /ԱԼՄ ձեզ օրինակ/։
Մշակույթի բնագավառում խայտառակ ու վտանգավոր չափով իջեցվեց նշաձող էժանագին մեր բակերով, տարատեսակ սքեթչերով, վիտամին ակումբներով, վումընս քլաբերով, կիսաբաց լուսամուտներով, ու հիմա ինչի՞ց ենք զարմանում։ Բայց իրականում պետք է զարմանանք ու տխրենք, որ հեղափոխությունից հետո էլ համակարգված քաղաքականություն չի եղել։ Իհարկե, հիմա ԽՍՀՄ չէ, որ ռադիոն կատարի իր դերը։ Բայց իներցիայով ռադիոջաներով, ռաբիսը Կրեմլի դահլիճով ու Տաշիրներով հայկական հեռուստաեթեր բերելով ու այլ վտանգավոր եղանակներով խթանվում է այդ ցածր պահանջարկը։ Շաբաթ առաջ ինձ անհայտ մի «երգչուհու» ինստագրամյան էջ բերեց, որտեղ նա ի պատասխան հանդիմանանքների գրառում էր թողել, թե շարունակելու գողական կյանքն ու գողերին փառաբանող երգեր «ներկայացնելը»։ Մեկ այլ աղետ էլ՝ Օքսի անունով, ինչ-որ հաղորդման հատվածով հպարտությամբ նշում էր, թե իր սրտին մոտ են կլկլոցները, արևելյան մելիզմները ու դա կա հայի մեջ․․․ Ու սա շարունակվում է։
Կրկնում եմ․ լուծումը նրանց արգելելը չէ։ Նրանց տեսահոլովակները չպետք է ցուցադրվեն հեռուստաընկերոթյուններով, անգամ մասնավոր, քանի որ կապուղու սեփականատերը, միևնույնն է, հանրությունն է։ Նրանք չպետք է երգեն կամ հրավիրվեն պետական բեմեր կամ համերգային ծրագրեր, որտեղ ու որքան ցանկանում են, թող երգեն։ Բայց խնդիրը այդ ամենի կողքին այն բարձր մշակույթի պակասն է, որը կամ չկա, կամ դեռևս շատ քիչ է։
Ու եթե չկա քաղաքականություն, Թաթուլն էլ, սպիտակցի Հայկոն էլ, Արմենչիկն էլ հա համալիր են լցնելու․․․
Ես թերևս ավելի զարացած եմ, որ շաբաթ առաջ պատկերասրահում Անահիտ դիցուհու արձանի հետ լուսանկար տեղադրեցի, ու մի քանի հավատացյալներ մեղադրեցին հակաքրիստոնեական, կռապաշտական ու դիվային քարոզչության մեջ, համացանցում խաչակնքվեցին, որ վերջապես նրան տարան․․․ Սա էլ մեր կռապաշտ եկեղեցականների՝ Աջապահյաններից մինչև Ձախապահյաններ, մեծ ավանդն է հասարակությանը միջնադար շպրտելու համար։
Ու անցած տասնամյակներում ամեն ինչ արվել է բացառապես իշխանությունը պահելու համար, ու բոլոր բնագավառներում․ բարձր նշաձողով հասարակությունը բարձր նշաձողին համապատասխանող առաջնորդություն է ուզում քաղաքականության, տնտեսության, հոգևոր կյանքի, մտավորականության ու այլ խավերում։ Ու եթե դու այդպիսին չես, որպեսզի հանկարծ քեզանից լավին ժողովուրդը չբերի կամ ժողովրդի ծոցից չծնվի, իջեցնում ես նշաձողն այնքան, որ քեզանից լավն ու բարձր ոչ մեկ չլինի։ Բարձրերին էլ հալածում ես, ստիպում արտագաղթել։ Սա է արվել ու այս ավերի հետևանքները դեռ պահպանված են, նոր քաղաքականություն էլ չկա ու չկա, նախարարությունն էլ անպետք համարեցինք․․․
Այնպես, որ՝ ցավալին ոչ թե նա է, որ Թաթուլը համալիր է լցրել, այլ որ համալիրը չի լցնում նա, ով պետք է լցնի․․․ Ցավալին այն է, որ չհաշված առանձին ծաղիկներ, քղաքականության քոքւղենիշերը չեն երևում․․․
Թաթուլին համալիրում լսած հազարներն ու Վարդան Ղուկասյանին ընտրած հազարները նույնատիպ օպերայից են։ Նրանք միշտ են եղել։ Ու գլխավոր հարց է՝ իսկ ի՞նչ է արվել, որ նրանք հազարներ չլինեն․․․ Ու դա արգելելով, գնդակահարելով կամ կացնով չի արվում, ոչ էլ Վարդանի երկրպագու Միքայել Աջապահյանի սիրելի ստալինյան մեթոդներով․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ