Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Վարդան Ղուկասյանի երդմնակալության ժամանակ Մարտուն Գրիգորյանի ուժի ներկայացուցիչների բացակայությանը:
«Ինչ տեղի ունեցավ այսօր Գյումրիում. 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների ներկայությամբ պարոն Աջապահյանը օրհնեց կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանին, ով ոչ թե ընտրվել է Գյումրու համայնքապետ, այլ վերջինիս` Սերժի և Քոչարյանի տեղային արբանյակներն օրեր առաջ դարձրեցին քաղաքապետ` Մարտունի գլխավորությամբ և քավորությամբ… Ահա ողջ եղելությունը:
Բայց մեկ է ես շատ անհանգիստ եմ ԱԺ պատգամավոր, իմ գործընկեր Մարտունի որպիսությամբ, ով ի դեպ, չնայած նրան, որ ապահովեց բավարար ձայներ, մի բան էլ ավելին, որ Ղուկասյանը դառնար քաղաքապետ, բայց ներկա չէր իր իսկ սրտի քաղաքապետի երդմնակալության արարողությանը, ներկա չէին նաև իր դաշինքի 6 անդամներից որևէ մեկը…Մի բան եղած չլինի՞:
Մարտուն ջան, ախր ձայն հանիր, ասա տեսնենք ո՞նց ես, մեռանք անհանգիստ»,- ասվում է գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնել է Գյումրու քաղաքապետի պաշտոնը. ՔՊ-ն և Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» ներկա չեն եղել: