Եթե Ադրբեջանը որոշում է գնալ ռազմական էսկալացիայի, ուրեմն որոշում է, և, բնականաբար, Հայաստանն այդտեղ մեղք չունի, բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ այդ թվում մեր գործողություններից է կախված, թե մեր տարածաշրջանում ոնց կզարգանան իրադարձությունները: Այդ մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ ընդդիմության այն դիտարկմանը, թե «պատերազմ չի լինելու» հայտարարությունը նման է «երկրաշարժ չի լինելու» արտահայտությանը:
«Ի դեպ, ժողովրդի մոտ էլ կա այդ մտայնությունը, ընդ որում՝ նոր չի այդ մտայնությունը, երևի հարյուրամյակներով է գալիս, թե աշխարհակարգը մեծերն են որոշում, մեզնից ոչինչ կախված չէ:
Չէ՛, ժողովուրդ ջան, մեզնից կախված է ամեն ինչ: Կարող է մենք ինչ-որ բան ուզենանք, դա չլինի, կամ չուզենանք լինի, բայց դա չի նշանակում, որ մեր գործողությունները ոչինչ չեն որոշում: Մենք մեր ճակատագրի տերն ենք, ինչպես, ի դեպ, մեր ճակատագրի տերն ենք եղել 1918-1920 թվականներին: Թող թյուր տպավորություն չստեղծվի, որ երբ վկայակոչում եմ 1918-21 թվականների դաշնակցական ղեկավարությանը, ես նրանց համարում եմ դավաճան: Հակառակը, ես կարծում եմ՝ նրանք ամեն ինչ արել են, որ ՀՀ-ն պահեն անկախ, բայց չի ստացվել:
Հիմա ձեր առաջարկած տեսլականը հետևյալն է, որ մեզնից բան կախված չէ, խաղաղություն չի լինելու, հնարավոր չէ խաղաղություն, թշնամանքն անվերջ է, հետևաբար մենք պետք է անվերջ ապրենք թշնամանքի մեջ: Բայց, հարգելինե՛րս, այդ ձեր տեսլականը փորձով ապացուցված է, որ չի աշխատում»,- ասաց նա: