«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի վերջին, աղմակահարույց հայտարարությունը հանգիստ չի տալիս որոշ լրատվամիջոցներին և չլրագրողներին, որոնք մարդու խոսքի վրիպակը որսացել և սկսել են զբաղվել իսկական մեդիասպանությամբ։
Ինքը, Խաչատուր Սուքիասյանը, հայտարարությունից անմիջապես հետո ներողություն է խնդրել և հայտարարել, որ պատերազմի ժամանակ Արցախի բնակիչների շարքում զոհերի մասով սխալ թիվ է արտաբերել։ Բնականաբար ցանկացած մարդ կարող է սխալվել, ոչ ոք անսխալական չէ։ Սակայն կարևոր է, որ սխալ թույլ տված մարդը գիտակցում է իր արարքը և ոչ թե հետ է կանգնում, այլ ներողություն է խնդրում։
Կարծես թե պետք է բնական լիներ, որ մարդը ընդունում է իր վրիպակը և անմիջապես ներողություն խնդրում։ Սակայն բնական է, եթե խոսքը վերաբերում է մտածող, նորմալ մարդկանց; Մինչդեռ այսօրվա մեդիա ճամբարներում մտածող, ճիշտն ու սխալը տարբերող, թացն ու չորը չխառնող լրագրողների սուր դեֆիցիդ կա։ Այդ ճամբարները հիմնականում լցված են այսպես ասած «մարդասպաններով», որոնք ցանկացած վրիպակ, սայթաքում որսում են և սկսում են «տանջամահ» անել իրենց «զոհին»։
Նորություն չի լինի, եթե ասենք, որ Հայաստանում որոշ լրատվականներ, կամ մեդիաոլորտի հետ առնչվող առանձին մարդիկ զբաղված են «մեդիաքիլլերությամբ»։ Շատ լրատվամիջոցների ու լրագրողների համար շանտաժը դարձել է աշխատելաոճ։
Բնականաբար քննադատությունն անհրաժեշտ է, սակայն քննադատությունն էլ պետք է հիմնավորված ու թիրախային լինի։ Այն չպետք է դառնա «մեդիասպանություն»։ Քննադատել պետք է գործողություններն ու քայլերը, այլ ոչ թե մարդկանց վրիպումը, ընդորում, երբ այդ սխալմունքի համար արդեն ներողություն խնդրել են։
Ցանկացած աշխատանք ունի նաև որոշակի բորայական սահմաններ, որոնք անցնելու դեպքում տվյալ մասնագետը կորցնում է նախևառաջ իր արժանապատվությունը։
Այսօր արդեն ակնհայտ է, որ ոչ այդքան Խաչատուր Սուքիասյանի խոսքն է վնաս հասցրել արցախահայությանը, այլ այն մարդկանց, կամ ավելի ճիշտ չլրագորղների գործողությունները, որոնք որսալով սխալ արտաբերած խոսքը չեն կարողանում հանդարտվել և ավելի են բորբոքում կրակը։
Այլ կերպ ասած «խարազանում են» երկու կողմերին էլ և դա անում են հանուն իրենց շահի, հանուն սոցկայքերում շատ դիտումներ ու հավանումներ հավաքելու։ Սա է այսօրվա լրագրության իրական դեմքը, դեմք, որը ծածկված է մարդկանց «հոշոտելու», վարկաբեկելու անսպառ ցանկությամբ։