Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր առաջին ասուլիսից հետո ուղիղ հայտարարեց, որ կողմ է Միութենական պետությանը Հայաստանի անդամակցությանը՝ Բելառուսի օրինակով։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ։
«Իմ գնահատականը հետևյալն է՝ ես կարծում եմ, որ անկախությունից վեր ոչինչ չկա, և անկախությունը այն հիմնական շարժիչ ուժն է, որ երկիրը կարող է ամրապնդել, պետությունը, տնտեսությունը տանել զարգացման, անվտանգության ապահովման: Իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր մեր անկախությունը կդարձնեն սակարկման առարկա, կարժանանան գնահատականի։ Ես ուզում եմ, որ մենք հստակ գիտակցենք՝ ինչ է նշանակում համագործակցություն, ինչ է նշանակում սուվերենության կորուստ։ Սուվերենության կորուստը ամենահակապետական քայլն է, որ կարող են քաղաքական գործիչներն անել իրենց պետության հանդեպ»,- ասաց պատգամավորը։
Միութենական պետության կողմնակից էր նաև Ռոբերտ Քոչարյանը։ Հարցին, թե արդյոք Վարդան Ղուկասյանի այս հայտարարությունը ընդդիմության շուրթերով հերթական անգամ ՀՀ ինքնիշխանությունը սակարկման առարկա դարձնելը չէ՞, պատգամավորն ասաց, որ դա ակնհայտ է, որքան էլ փորձեն որոշ ուժեր իրենց արմատական կապը թաքցնել, հեռացնել և ցույց տալ, թե իրենք միմյանց հետ կապ չունեն: Նրա խոսքով՝ քաղաքական այն դեմքերը, որոնք արդեն սպառված են, փորձում են վերարտադրվել ամենատարբեր եղանակներով։
«Ես կարծում եմ, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ուղղակիորեն ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գիծը»,- ընդգծեց Վաղարշակ Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
245 դիտում , 1 դիտում այսօր