Բաքվի ու Մոսկվայի մեթոդները նույնն են. Ալիևի պահանջի նպատակը Հայաստանում իրավիճակն ապակայունացնելն է

Քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրամադրված չէ ստորագրել խաղաղության պայմանագիրը, ընդհակառակը՝ փորձում է առավելագույնը կորզել։

Ըստ Գրիգորյանի՝ Ալիևն անընդհատ նախապայմաններ է առաջ քաշում: «Նույնիսկ Հայաստանի համաձայնությունը՝ Մինսկի խմբի լուծարման հետ կապված, չի տանում պայմանագրի ստորագրման»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե պահանջելը երկարատև ճնշման ու Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու գործիք է։

Արմեն Գրիգորյանը համարում է, որ թե՛ գործիքակազմի, թե՛ մեթոդների ու շահերի առումով Բաքվի ու Մոսկվայի շահերը համընկնում են. «Բազմաթիվ հետազոտություններ կան այն մասին, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը նույն մեթոդներն են օգտագործում։ Հայաստանի գործողությունները պետք է լինեն այն, թե ինչպես կարելի է մինչև մյուս ընտրությունները չեզոքացնել այդ քարոզչությունը»։

Մեր զրուցակցի խոսքով՝ Մոսկվան շատ կցանկանա լինել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի երաշխավորը, էլ ավելի մեծ ոգևորություն կլինի, եթե դա լինի եռակողմ պայմանագիր։ Միևնույն ժամանակ Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանը պետք է խուսափի այդ պայմանագիրը ստորագրել Մոսկվայում, շատ ավելի դրական կլինի, որ ստորագրվելու դեպքում դա լինի ոչ անմիջական շահ ունեցող երկրում. «Գոնե բացահայտ շահագրգռվածության ու բացահայտ ազդեցության գոտում չլինի։ Վրաստանը որոշակի շահեր ունի՝ կայունության, առևտրի առումով, այլ երկրներ գուցե ևս այդպիսի շահեր ունեն, բայց ոչ Ռուսաստանի ու Թուրքիայի նման, որոնք միակողմանի նախընտրություններ ունեն։ Մեկը՝ բացահայտ, մյուսն էլ ոչ այնքան բացահայտ հանդես են գալիս Հայաստանի դեմ»։

Արմեն Գրիգորյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ի համար վատ մեսիջ կլինի, եթե ՀՀ վարչապետը համաձայնի մասնակցել Հաղթանակի 80 ամյակին նվիրված շքերթին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

96 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ