Եթե Ադրբեջանի մտահոգությունն անկեղծ է՝ համաձայնագրի ստորագրումը դա փարատելու ամենակարճ միջոցն է. Միրզոյան

 

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև լրատվամիջոցների հարցերին:

Ադրբեջանը չի նահանջում`թե՛ Մինսկի խումբը լուծարելու, թե՛ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջներից նախքան պայմանագրի ստորագրումը: Ձեր վերջին բանակցություններից, եթե հնարավոր է մի փոքր փակագծեր բացեք՝ արդյո՞ք ստորագրման հեռանկարը կարելի է փակված համարել, քանի դեռ Հայաստանը չի լուծարել Մինսկի խումբը և Մայր օրենքում փոփոխություն չի կատարել։

Պատասխանելով հարցին՝ Արարատ Միրզոյանն ասել է.

«Ըստ էության և՛ Ադրբեջանի, և՛ մեր կողմի, և՛ հայաստանյան կողմի դիրքորոշումները երկու հարցի վերաբերյալ էլ հայտնի են։ Իհարկե, մենք փորձեցինք նախարար Բայրամովի հետ Անթալիայում օրեր առաջ մի փոքր ավելի առաջ գնալ, սակայն ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում կամ պայմանավորվածություն, կլինի չափազանցություն, բայց ես կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել:

Ինչպես և նախկինում, մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու, ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտն ազդարարելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, մենք, իհարկե, կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ։ Հետևաբար, Մինսկի խմբի գոյությունն իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա, և հակառակը` կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության, ստորագրված համաձայնագրի պարագայում: Այդ պատճառով մենք բաց ենք և կողմ ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին:

Մենք ուղղակի կարծում ենք, որ մենք կարող ենք այդ փաստաթղթերն առնվազն նույն օրում ստորագրել, նույն օրը, ինչ հաջորդականություն ուզում եք դրեք. դրեք առաջինը խաղաղության համաձայնագիրը և մյուսը` համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին` տեղեկացնելով այդ խմբի լուծարման գործընթաց սկսելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամության կամ նախաձեռնության մասին։

Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը, գիտեք, այս մասին էլ շատ ենք խոսել, բայց քանի որ հարցնում եք, մեկ անգամ էլ կասեմ: Նախ պետք է հասկանանք` որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները: Եթե սա ուղղակի գործիք է, խոսույթ է, որն օգտագործվում է Ադրբեջանի կողմից բանակցությունները ձգձգելու և այդ ստորագրված խաղաղությունը չունենալու համար, սա մի իրավիճակ է: Եթե անկեղծորեն մտահոգություն են տեսնում, սա այլ իրավիճակ է: Այստեղ մենք կարող ենք բացատրություն տալ, խոսել հարցի մասին և ասել մոտավորապես այն, ինչը, որ ես հիմա ասում եմ. մեր Սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։

Մենք ոչ միայն հիմք ունենք դա կարդալով ասելու, այլ նաև նայելով, թե ինչպիսի դիրքորոշում ունի աշխարհում միակ իրավասու, իրավական առումով այդ իրավունքով օժտված միակ մարմինը` մեր Սահմանադրական դատարանը: Մենք հիշում ենք անցյալ սեպտեմբերին, երբ մի համանման փաստաթուղթ էր քննարկվում, եզրակացություն էր տալիս Սահմանադրական դատարանը, դա երկու սահմանային հանձնաժողովների միջև կանոնակարգ էր: Այնտեղ կար չէ՞ հղում Ալմա-Աթայի հռչակագրին, դա դիտվում էր որպես բազա դելիմիտացիայի համար։ Սա նշանակում է, եթե շատ կարճ և անկյունները հարթած ասեմ, 1991 թ.-ին՝ Խորհրդային Միության փլուզման պահին, եղած սահմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ ահա, եթե Սահմանադրական դատարանն այս փաստաթուղթը քննարկելիս եկավ եզրակացության, որ այս դրույթը սահմանադրական է, այսինքն Հայաստանը չունի հավակնություններ այդ 1991 թ. սահմաններից այն կողմ, ապա հարցը փակված է։ Ստացվում է, որ մեր Սահմանադրությունը չունի այդպիսի պահանջ և մենք, ելնելով սրանից, իհարկե, դատական իշխանությունների անկախությանը երբեք չենք կարող միջամտել կամ կանխավարկած հայտնել, բայց ելնելով նրանից, որ արդեն մի անգամ այս հարցով դատարանը դրական եզրակացություն է տվել, մենք կարծում ենք, որ ստորագրումից հետո, իսկ մենք պարտավոր ենք ստորագրումից հետո վավերացման գործընթացում նորից դիմել Սահմանդրական դատարանին, ելնել նախորդ փորձից, որ Սահմանադրական դատարանը կրկին դրական եզրակացություն կտա: Չեմ կարծում, թե կարծիքը, դիրքորոշումը նույն հարցում, նույն սահմանների վերաբերյալ Սահմանդրական դատարանը փոխի, իսկ սա նշանակում է, որ չկա մեր Սահմանադրությունում տարածքային պահանջ:

Նաև գիտեք, որ մենք ունենք նույն մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ, բայց նաև մենք կարծում ենք, որ դա ինչպես մեր դեպքում կարող է հարցը փակել, այնպես էլ իրենց դեպքում։ Այսինքն, մենք պիտի ելնենք նրանից, որ եթե մտահոգություններն անկեղծ են, ապա համաձայնագրի ստորագրումը բոլոր մտահոգությունները փարատելու ամենակարճ, ամենաարագ և ամենաարդյունավետ միջոցն է:

Ի միջի այլոց, չեմ ուզում այս հարցում որևէ բաց մնա։ Գիտեք, որ մենք 2018 թ.-ից սկսած խոսել ենք մեր երկրում սահմանդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, հանձնաժողով է ձևավորվել, որի մանդատը, կարծեմ, մյուս տարի ավարտվում է, և արդեն պիտի հանրության դատին ինչ-որ սահմանդրական փոփոխությունների առաջարկ տա: Բայց ես չեմ ուզում այս ամբողջը խառնել իրար, մենք այդ տեղ պիտի մեր ներքին իրավակարգավորումները գուցե փոխենք կամ չէ։

Այսինքն, պետք է մտածենք այդ հարցի շուրջ և հընթացս կարող ենք նաև անդրադառնալ նախաբանին։ Ամեն դեպքում Սահմանադրությունը մի փաստաթուղթ է, որը ներքին ուղղվածություն ունի, ներքին նշանակություն ունի, բայց նաև կարող ենք հասկանալ, որ դա նաև պետության դեմքն է և ինչ-որ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական ուղերձներ կարող են պարունակվել: Այսինքն, մենք ունենք սահմանադրական փոփոխությունների մեր գործընթացը, բայց դա այն պատճառով չի, որ մենք համարում ենք Ադրբեջանի մտահոգությունները հիմնավոր»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ