Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մարտուն Գրիգորյան-Վարդան Ղուկասյան համագործակցությանն ու գրել.
«Մարտուն Գրիգորյանի շնորհավորանքը՝ ուղղված Գյումրիին ու իր ընտրած քաղաքապետին ուշանում է, հա․․․․ Չեմ ջոկում՝ Մարտունը Գյումրին փրկեց, թե իրեն փրկեց․․․․
Գիշերը քուններս չի տանելու․․․»:
Հիշեցնենք՝ «Կոմունիստական խմբակցության» թեկնածու Վարդան Ղուկասյանը Գյումրու ավագանու առաջին նիստում 18 կողմ, 0 դեմ ձայնով ընտրվեց համայնքի նոր ղեկավար:
Ղուկասյանի պակասող ձայները համալրեց ավելի վաղ ավագանու իր մանդատից հրաժարված Մարտուն Գրիգորյանի ուժը:
Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ՝ պարզ էր դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու՝ հնարավոր չէր լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:
Արդյունքների ամփոփումից հետո «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ պատրաստ է իր ձայնը տալու առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին՝ Վարդան Ղուկասյանին:
«Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն էլ իր հերթին է հայտարարել, որ պատրաստ է ավագանու կազմով քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։
Մի քանի օր անց «Մեր քաղաքը» դաշինքը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե Վարդան Ղուկասյանին: