Որ ադրբեջանական ագիտպրոպը ուշի ուշով՝ 24 ժամ ռեժիմով դիտարկում է հայաստանյան քարոզչական հոսքերն ու, հիբրիդային պատերազմի գործիքներ կիրառելով, հայ հասարակության ներսում փորձում է տեղեկատվական քաոս, պետական ինստիտուտների նկատմամբ անվստահություն, անկառավարելի իրավիճակ ստեղծել՝ թշնամացնելով հասարակությանը սեփական իշխանության հանդեպ, վաղուց հայտնի իրողություն է։ Ցավալի իրողություն է նաև այն, որ Ադրբեջանին իր կողմից վարվող քարոզչական ագրեսիվ պատերազմում մեծապես օգնում են հայաստանյան «օգտակար ապուշներն» ու տարբեր ռանգի «խոսող գլուխները», որոնց բերանով էլ հակառակորդը տիրաժավորում ու ամրապնդում է սեփական նարատիվները։ Մասնավորապես՝ «ՀՀ-ում 2018-ին իշխանության է եկել ոչ թե Հայաստանի շահերին հետամուտ, այլ Բաքվի ու Թուրքիայի շահերը սպասարկող իշխանություն«, այն, ինչ անում է գործող իշխանությունը «ոչ թե պետականությունն ամրապնդելու, այլ պետությունն ապամոնտաժելու մասին է», «պետք է մերժել խաղաղությունը, քանի որ այն կապիտուլյացիայի պարտադրանք է», պետք է հեռացնել 2018-ին «խաբված» ժողովրդի կողմից ընտրված, «լեգիտիմությունը կորցրած» իշխանությանն ու «ազգային, պետական շահերին ծառայող» նոր իշխանություն ձևավորել, որի պարագայում է, որ հնարավոր կլինի արժանապատիվ դիրքերից բանակցել Ադրբեջանի հետ, ծնկի բերել, խաղաղություն պարտադրել ու… ծաղկեցնել Հայաստանը։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի լեզվաբանության պրոֆեսոր, փիլիսոփա, ժամանակակից մտածող Ավրամ Նոամ Չոմսկին ժամանակին առանձնացրել էր մարդու վարքագծի կառավարման՝ մանիպուլյացիայի տասնյակ մեթոդներ, որոնցից մեկն էլ էմոցիաների վրա ազդեցությունն է։ Սա նեյրո-լեզվաբանական ծրագրավորման դասական հնարք է, որի նպատակը մարդկանց ռացիոնալ անալիզ անելու հատկությունն արգելափակելն է։ Այս մեթոդը՝ զգացմունքների վրա ազդեցությունը, հնարավորություն է տալիս բացել մարդու ենթագիտակցության դուռը՝ ներարկելով մտքեր, ցանկություններ, վախեր, վարքի կայուն մոդելներ: Զգացմունքները, ինչպես հայտնի է, տրամաբանության թշնամին են: Իսկ հայ հասարակությունը, հատկապես 44-օրյա պատերազմի միջով անցած ու հետպատերազմական դեպրեսիան դեռևս չհաղթահարած, ընդունենք, հեշտ է տրվում վերոհիշյալ մանիպուլյացիաներին։ Նկատենք, որ մեր երկրի նկատմամբ վարվող քարոզչական պատերազմի մասին արդեն իսկ բացահայտ խոսում են պատերազմ հայտարարած երկրի լրատվականները, որոնցից մեկի՝ ադրբեջանական պետական AZ TV-ի հաղորդման դրվագներից մեկը մեծ սփռում է գտել հայաստանյան լրատվական հոսքերում։ Այդ հաղորդման մեջ հաղորդավարը անկեղծ խոստովանումէ. «Մեր այսօրվա գլխավոր նպատակը Հայաստանի ներսում քաոս ստեղծելն է։ Արդեն հասել ենք այն կետին, երբ հասարակությունը սկսում է կասկածել իր առաջնորդներին, իր բանակին։ Իսկ հենց սա էլ մեր շահին է։ Մենք չենք կանգնելու, մինչև չտեսնենք, որ հայերն իրենք իրենց դեմ են դուրս գալիս»:
Ի դեպ, մինչ Ադրբեջանի ագիտպրոպը ջանքեր է գործադրում հասնելու իր առջև դրված նպատակին՝ քաոս ստեղծելուն, ՀՀ նախկին նախագահներն ու նրանց կողմից կառավարվող խմբակները, այսպես ասած, «քյոմագ են անում» քաոսի ստեղծմանը, միմյանց դեմ դուրս գալուն։ Մասնավորապես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի հիմնադրման 35 ամյակին նվիրված հոբելյանական նիստում արել է հայտարարություններ, որոնք, համոզված ենք, հրճվանքի ճիչերով են ընդունվել «քաոսաստեղծների» բանակի կողմից։
«Ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, հայտարարել ենք մեր պետությունը կործանման տանող միակ թիրախի և դրա դեմ պայքարելու անփոփոխ որոշման մասին: Եվ դա ուժի մեջ է լինելու մինչև այդ նպատակին հասնելը: Մենք բազմիցս ընդգծել ենք, որ մեր բոլոր հնարավորություններով աջակցելու ենք նույն նպատակը հետապնդող ցանկացած նախաձեռնության, և մինչ այս պահը հավատարիմ ենք այդ որոշմանը:
…Մեր նպատակակետը հստակ է և անփոփոխ. այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է: Եթե մեզ հետ կողք կողքի երբեմնի պայքարողների նպատակն այսօր այլևս նույնը չէ, մեր ճանապարհները չեն կարող մեկտեղվել: Այո, սա այլ բան չէ, քան չարի իշխանություն, որի գործունեության հետևանքով մեր միտքը մշուշված է, սիրտը՝ կարծրացած: …Որքան էլ աներկբա է, որ մենք միակ երկիրը չենք, որտեղ ներսի տականքը տերերի պահանջով մեծ աղետ է բերում սեփական պետության ու ժողովրդի գլխին, այնուամենայնիվ դա մխիթարություն չէ, առավել ևս՝ փրկություն հնարավոր հերթական աղետից, եթե աղետաբեր տականքը չհեռացվի իշխանությունից»։
Եթե Սերժ Սարգսյանը շարունակեր իշխանության ղեկին լինել և որևէ ընդդիմադիր գործիչ իրեն թույլ տար ասել Ալիևի սրտով բաներ, ապա Սերժ Սարգսյանի սիրտը հաստատ չէր դիմանա՝ ստիպելով լեզվին կոշտ արտահայտվել «գաղջախոհների» հասցեին։ Ի դեպ, երրորդ նախագահը ՀՀԿ-ի 20 ամյակին նվիրված իր ելույթում ընդդիմությանը, որի կարգավիճակում այսօր ՀՀԿ-ն է, բաժանել էր մի քանի խմբի։ Մասնավորապես երրորդ խմբի մասին, որին կարելի է դասել այսօրվա ՀՀԿ-ին և դրա ղեկավարին, նույն Սերժ Սարգսյանն այսպես էր ճառել. «Չգիտեմ՝ ակամա, թե գիտակցաբար, նրանք իրականացնում են հայ ժողովրդին, հայոց պետականությունը և հատկապես հայոց բանակը վարկաբեկելու հստակ ծրագիր: Ընդ որում, դա արվում է հետևողական կերպով և մեթոդաբար, արվում է քայլերի որոշակի հաշվարկով, արվում է ֆինանսական ռեսուրսներ ծախսելով, արվում է ամենակեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ: Ավելին, նրանց ձևակերպումները հաճախ բառացի նույնությամբ մենք տեսնում ենք ադրբեջանական և թուրքական քարոզչության էջերում»։ Սերժ Սարգսյանն, ի դեպ, նկատել էր նաև, որ «երրորդ խմբի ներկայացուցիչներին մենք ընդդիմախոս չենք համարում: Մենք նրանց այլ անուն ենք տալիս»: Թե ինչ անուն՝ կարող ենք կռահել, գուցե «ներսի տակա՞նք», թե՞ «աղետատենչ չարիք»…
Նույն Սերժ Սարգսյանը, որը, նկատենք, ընդդիմության կարգավիճակում շատ ավելի վատն է, քան երբ իշխանություն էր, իր մեկ այլ հանրային խոսքում՝ «Արմնյուզին» տված հարցազրույցում (2014 թ.), անդրադառնալով ոչ միայն մարտի դաշտում մղվող, այլև տեղեկատվական պատերազմին մեր՝ պետության և հասարակության պատրաստ լինելու մասին հարցին, նկատել էր. «Մի հանգամանք կա, որը երբեք չպետք է մոռանանք. ակնհայտ է, որ 90-ական թվականների մեր հաղթանակը պայմանավորված էր ոչ միայն այն հանգամանքով, որ մենք պաշտպանում էինք մեր տունը, պայմանավորված էր ոչ միայն մեր զինվորների ու սպաների հերոսությամբ, մեր մարդկանց տոկունությամբ, այլ պայմանավորված էր նաև Ադրբեջանի հասարակության մեջ տիրող խառնաշփոթությամբ։ Մենք շատ մեծ ինֆորմացիա էինք ստանում հենց Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումներից (սա չի նշանակում, որ նրանք մեր գործակալներն էին, կամ մենք նրանց հետ հատուկ հարաբերություններ ունեինք), մենք կարողանում էինք ճիշտ ինֆորմացիա քաղել նրանց գործողությունների մասին, նրանց հայացքների, կարողությունների մասին: Այդ հանգամանքը, անշուշտ, որևէ մեկը չի մոռացել, չեն մոռացել նաև ադրբեջանցիները: Եվ երբ Ադրբեջանի ղեկավարությունը, Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է և այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգևորում է ադրբեջանցիներին: Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին՝ որոշ դեպքերում և որոշ հարցերի շուրջ լինել զուսպ։ Ես նրանց կոչ չեմ անում մեր դեմ չպայքարել: Ընդդիմությունը նրա համար է, որպեսզի պայքարի իշխանությունների դեմ, բայց երբ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակ է, երբ սահմաններին կոնֆլիկտների թիվը ավելանում է, հակառակորդին ոգևորելը լավ բան չէ»:
Արդ, ինչո՞վ են զբաղված այսօր Սերժ Սարգսյանն ու մյուս ընդդիմադիր ուժերը, որոնք Ադրբեջանից ավելի փութաջանորեն են լծված սեփական երկրի իշխանությունների դեմ քարոզչական արշավին, առաջիկայում պլանավորում են հերթական ավանտյուրան սկսել՝ անունը դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար մղվող փողոցային պայքար։ Պատասխանն ակնհայտ է՝ «թուրքին ուրախացնելով»։
Հ. Մանուկյան