«Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման համակարգն անշրջելի իրողություն է ապօրինի գույքի բռնագանձման, պետական ու համայնքային շահերի պաշտպանության, քրեական գործերի քննության համակարգերում»:
Այս մասին Ազգային ժողովի՝ կառավարության գործունեության 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Կառավարության կամքն այս հարցում ոչ միայն չի պակասել, այլև կոնկրետ արդյունքներ է տվել, և միլիարդավոր դրամների գույք է վերադարձվել ՀՀ-ին:
«Այսօր ՀՀ-ին են վերադարձվել շուրջ 210 մլրդ դրամի գույք և դրամական միջոցներ, այսինքն՝ այս 530 մլն դոլարի գույքերը և դրամական միջոցներն արդեն իսկ վերադարձված են ՀՀ-ին:
Կրկին ուզում եմ ընդգծել, որ ապօրինի գույքը տիրապետողների կողմից ցաքուցրիվ անելու ռիսկերն առավելագույնս կառավարվում են, որովհետև շուրջ 1,7 մլրդ դոլարի գույք այսօր կալանքի կամ արգելանքի տակ է: Վերը նշված, վերադարձված և կալանքի տակ գտնվող գույքերը պատկանում են նախկին նախագահներին, նախարարներին, համայնքների ղեկավարներին, քաղաքացիական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին կամ նրանց հետ փոխկապակցված մարդկանց: Այդ գույքերը հատիկ առ հատիկ վերադարձվում են և վերադարձվելու են ՀՀ-ին ու նրա ժողովրդին:
Այս պահին ավելի քան 600 մլրդ դրամի կամ 1,5 մլրդ դոլարի ապօրինի ձեռք բերված գույքի մասով գործեր են քննվում դատարաններում: Բայց արդեն իսկ վերադարձված գույքերի թվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, ԱՕԿՍ-ի շենքը Երևանի ամենակենտրոնում, Նորատուսի ռադիոկենտրոնը, մի քանի միլիարդ արժողությամբ հողամասեր Երևանում և մարզերում»,- ասել է վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: