«Ռազմավարական առումով անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքը խաղաղությունն է, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, սա նշանակում է, որ մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ և հայտարարել եմ, որ պատրաստ եմ ՀՀ ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ»,- ԱԺ-ում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա, Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը կապում է երկու հարցի հետ.«Առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է, դա հասկանալի օրակարգ է ՀՀ-ի համար, եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը: Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ և մենք ուզում ենք համոզված լինել որ դրա լուծարումը Ադրբեջանը չի որակում որպես ՀՀ-Ադրբեջան հակամարտությունը Ադրբեջանի տարածքում փակելու և ՀՀ տարածք տեղափոխելու հարց»:
«Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և ՄԻՆՍԿ-ի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ: Այսինքն սեղանին դնել Խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի կառույցները լուծարելու համատեղ դիմումը, և նույն տեղում ու նույն պահին ստորագրել, թե՛ առաջինը, թե՛ երկրորդը»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա, ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ պահանջներ ունենալու հարցը այդ երկրի համար անկեղծ մտահոգություն է, ոչ թե ինչպես շատերն են մտածում խաղաղության պայմանագիրը չստորագրելու պատրվակ.«Սահմանադրական դատարանը անբեկանելի որոշմամբ սահմանել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրին ուղղված տարածքային պահանջներ չկան»:
Վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ-ն տեսնում է Ադրբեջանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, բայց քանի որ համաձայնագրի մեջ կան կետեր, որոնք լուծում են այդ խնդիրը, ՀՀ-ի կողմից այդ հարցը չի բարձրաձայնվում: