Հայաստանը պնդում է՝ պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ. Ռուբինյան

Թուրքիայի ներկայացուցչի հետ քննարկել ենք կարգավորման գործընթացն իր ամբողջ սպեկտրով, այսինքն՝ այն բոլոր պայմանավորվածությունների իրագործումը, որ այս ընթացքում ձեռք ենք բերել:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով իր և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ վերջին հանդիպմանը:

«Ինչպես գիտեք, այդ պայմանավորվածությունների մի մասն իրագործված է, մի մասն իրագործված չէ: Որոշ գործընթացներ կան Անիի պատմական կամուրջի վերականգնման շուրջ, վերջերս Ստամբուլում հանդիպում է տեղի ունեցել տեխնիկական մասնագետների հետ. այս սպեկտրն էլ ենք քննարկել»,- ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով Մարգարայի անցակետին՝ Ռուբինյանը նշեց, որ դա այն պայմանավորվածությունն է, որի կատարման համար ՀՀ-ն իր անելիքն արել է:

«Դա այն պայմանավորվածություններից մեկն է, որը մինչ այս պահը չի կատարվել և Հայաստանի մեղքով չէ, որ դա չի կատարվել, որովհետև, ինչպես հիշում եք, Հայաստանը վերանորոգեց Մարգարայի անցակետը, և ամեն ինչ պատրաստ է այդ պայմանավորվածությունն իրագործելու համար, և սպասում ենք, որ Թուրքիան կատարի այդ պայմանավորվածությունը»,- ասաց նա:

Ռուբինյանը նաև նշեց, որ սահմանի բացման հարցում դեռ նորություն չկա:

Այն հարցին,թե արդյոք Թուրքիան շարունակում է պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, Ռուբինյանը պատասխանեց.

«Ես կարող եմ ասել՝ ինչ է պնդում Հայաստանը: Հայաստանը պնդում է, որ Հայաստանը պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ՝ առանց որևէ նախապայմանի, դրանից զատ էլ, ինչպես գիտեք, Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է: Մենք պատրաստ ենք օր առաջ ստորագրել այդ համաձայնագիրը, այսինքն՝ վարչապետը պատրաստ է դա անել: Մենք առաջարկել ենք Ադրբեջանին սկսել խորհրդակցություններ դրա ստորագրման վայրի և ժամկետի շուրջ»։

Ինչու՞ է Ադրբեջանը ձգձգում Խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչո՞վ է դա պայմանավորում: Անդրադառնալով հարցին՝ Ռուբեն Ռուբինյանը նկատեց.

«Ինձ թվում է՝ կարիք չկա, ես ասեմ՝ ինչով եմ պայմանավորվում դա, բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ։ Մեր դիրքորոշումը ես հայտնեցի, մնացածն արդեն Ադրբեջանի դաշտում է»:

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպում են ունեցել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ