Արդեն ավանդույթ է դարձել Հայաստանի սահմանի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների ու Ռուսաստանի տարբեր չինովնիկների դիվանագիտական «կրակոցների» սինքրոնությունը։
Օրեր առաջ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հարցին նշել էր, որ «դա հուսալի ապահովագրում կլինի Սյունիքի մարզի դինամիկ, խաղաղ զարգացման համար»։
Զախարովայի այս հայտարարությանը հետևում են Ռուսաստանի իշխանությունների տարբեր պաշտոնյաների, հայկական ծագումով քարոզիչների ու օլիգարխների սպառնալիքը Հայաստանին՝ կապված ԵՄ ինտեգրման գործընթացի այսպես ասած «հետևանքների» մասին։
Մի կողմից ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խոսում է Սյունիքի դինամիկ, խաղաղ զարգացման հեռանկարի մասին, մյուս կողմից Զախարովայի գործընկերները սպառնում են Հայաստանին տարբեր հետևանքներով, եթե Երևանը շարունակի գնալ եվրաինտեգրման ճանապարհով։
Ռուսաստանը մի կողմից փորձում է իր ձեռքում պահել Սյունիքը, մյուս կողմից էլ ցանկանում է, որպեսզի Հայաստանը վերջնական դուրս չգա իրենց վերահսկողությունից և չգնա եվրաինտեգրման ճանապարհով։
Աս երկու նպատակներին հասնելու համար Մոսկվան գնում է տարատեսակ ճնշումների և սադրանքների, այդ թվում օգտագործելով Ալիևին։
Պատահական չէ, որ Ռուսաստանի պաշտոնյաների սպառնալիքների ֆոնին Ադրբեջանը սկսում է ակտիվանալ սահմանին։ Ի դեպ, այս առումով ադրբեջանական ձեռագիրը չի տարբերվում ռուսական ձեռագրից։ Ռուսաստանը վերջին մի քանի շաբաթների ընթացքում հրթիռակոծում է ուկրաինական քաղաքների խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ադրբեջանն էլ իր հերթին կրակում է Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ և բացառապես քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։
Ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը վերջին օրերին ուժեղացրել են ճնշումները Հայաստանի վրա։ Հայաստանը կրկին հայտնվել է տուրբուլենտության գոտում։ Իրավիճակը պայթունավտանգ է, սակայն խիստ անհրաժեշտ է, որպեսզի Երևանը չտրվի ռուս-ադրբեջանական սադրանքներին և շարունակի հավասարակշռված և զգուշավոր քայլերով աշխարհին ցույց տալ թե իրականում որ կողմն է ցանկանում տապալել խաղաղության համաձայնագրի ստորագրումը և որ ամենակրաևորն՝ է թե որ երկիրն է Ադրբեջանին դրդում գնալ մեծ արկածախնդրության։