Օմանում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը. երկու երկիրը նման բարձր մակարդակով չեն համագործակցել 2018 թվականից ի վեր։
Փոխադարձ սպառնալիքներից, ուժի ուղիղ և անուղղակի ցուցադրություններից հետո կայացած բանակցություններում թե՛ Իրանը, թե՛ Միացյալ Նահանգները հանդիպումն անվանել են կառուցողական և հաստատել, որ համաձայնել են հաջորդ շաբաթ բանակցությունների երկրորդ փուլի անցկացմանը: ԱՄՆ-ից հայտարարել են, որ «ուղիղ հաղորդակցությունը» առանցքային դեր կխաղա հնարավոր գործարքի հասնելու համար:
Բանակցություններում Իրանը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ-ը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆը (ի սկզբանե նրա լիազորությունները ներառում էին մերձավորարևելյան հակամարտությունը, բայց Վիթքովը ներառված էր նաև այլ բանակցային գործընթացներում, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, որտեղ նա բառացիորեն մեկ օր առաջ է եղել):
ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս է եկել Իրանի և համաշխարհային տերությունների միջև նախկին միջուկային համաձայնագրից, որը բանակցվել էր 2015 թվականին նախագահ Բարաք Օբամայի օրոք և շարունակվել 2018 թվականին՝ Թրամփի առաջին ժամկետում: Այդ ժամանակից ի վեր Թեհրանը հույս ուներ նման գործարք կնքել, բայց ավելի շահավետ պայմաններով։
Որտեղ և ինչպես են ընթացել բանակցությունները
Բանակցությունները կայացել են Օմանի մայրաքաղաք Մուսկատում հիմնականում միջնորդի միջոցով. Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները գտնվել են առանձին սենյակներում և միմյանց հաղորդագրություններ են փոխանցել Օմանի արտգործնախարար Բադր բեն Համադ ալ-Բուսաիդիի միջոցով։
BBC-ն գրում է, որ այնուամենայնիվ, մի քանի րոպե Արաղչին և Վիթքոֆն իսկապես դեմ առ դեմ հանդիպել են ալ-Բուսաիդիի ներկայությամբ: Իրանական պատվիրակությունը պնդել է, որ տվյալ պահին լուսանկար չարվի:
Հանդիպումից հետո իրանցի նախարարը հանդիպումը դրական է անվանել։ «Իմ կարծիքով, որպես առաջին հանդիպում, դա կառուցողական հանդիպում էր, անցկացվեց խաղաղ և հարգալից մթնոլորտում, ոչ մի անհարիր լեզու չօգտագործվեց»,- ասել է Արաղչին Իրանի պետական հեռուստատեսությանը։
Սպիտակ տունը հայտարարության է տարածել, որում Օմանի քննարկումներն անվանել է «շատ դրական և կառուցողական»: Նշվում է, որ Վիթքոֆը իրանական պատվիրակությանը փոխանցել է՝ իրեն հանձնարարվել է հնարավորության դեպքում լուծել տարաձայնությունները երկխոսության և դիվանագիտության միջոցով։
Դոնալդ Թրամփը, պատասխանելով բանակցությունների ընթացքի մասին լրագրողների հարցին, ասել է. «Կարծում եմ՝ դրանք լավ են ընթանում»։
«Ոչինչ կարևոր չէ, քանի դեռ չես ստանում այն, ինչ ուզում ես, այդ իսկ պատճառով ես չեմ սիրում խոսել այդ մասին»,- ավելի ուշ հավելել է նա։
«Ո՛չ մեզ, ո՛չ մյուս կողմին պետք չեն անպտուղ բանակցություններ, քննարկումներ՝ հանուն քննարկումների: Ես չեմ ուզում ժամանակ վատնել և անորոշ ժամանակով ձգձգել բանակցային գործընթացը», — ասել է Արաղչին Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Ալ-Բուսաիդին, իր հերթին, սոցիալական ցանցերում գրել է, որ հպարտ է, որ միջնորդ է եղել այս բանակցություններում՝ «հետապնդելով ընդհանուր նպատակ՝ կնքելով արդար և պարտավորեցնող համաձայնություն»:
Ամենակարևոր հարցը, որը պետք է հստակեցվի, այն է, թե ինչ պայմաններով գործարքն ընդունելի կլինի երկու կողի համար։
Ինչ ակնկալիքներ և պահանջներ ունեն կողմերը
Անցյալ ամիս Դոնալդ Թրամփը ԱՄԷ-ի միջոցով նամակ է ուղարկել Իրանի հոգևոր առաջնորդին, որում ասվում է, որ անհրաժեշտ է նոր համաձայնագիր՝ Իրանին միջուկային զենք ստեղծելուց հետ պահելու համար՝ այդպիսով պաշտպանելով Թեհրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր ռազմական հարվածներից:
Իրանը հույս ունի համաձայնության գալ ոչ թե իր միջուկային ծրագրի ամբողջական ապամոնտաժման, այլ միայն դրա սահմանափակման շուրջ։ Նման զիջումներով Թեհրանը հույս ունի հասնել պատժամիջոցների թուլացման:
«Մենք մտադիր ենք հավասար պայմաններով հասնել արդար և հարգալից համաձայնության: Եթե մյուս կողմը նույն դիրքորոշումն ունենա, ես հույս ունեմ, որ մենք կարող ենք գտնել ընդհանուր հեռանկար, որը մեզ հնարավորություն կտա բանակցել», — պարզաբանել է Արաղչին:
Նա ասել է, որ իր հետ Օման ժամանած մյուս իրանցի պատվիրակները «այս կոնկրետ ոլորտում փորձագետներ են և այս հարցի շուրջ բանակցությունների փորձ ունեն»:
Նեթանյահուն առաջարկում է Իրանի հետ «լիբիական գործարք» կնքել՝ նկատի ունենալով 2003 թվականին արևմտյան տերությունների հետ ձեռք բերված համաձայնությունը, որով Լիբիան Մուամար Քադաֆիի օրոք համաձայնել է ամբողջությամբ հրաժարվել զանգվածային ոչնչացման զենքի իր ծրագրից:
Իրանի համար այս տարբերակը լիովին անընդունելի է թվում։
Իրանի պաշտոնյաները հասկացրել են, որ իրենք պատրաստ են բանակցություններում քննարկել միայն իրենց երկրի միջուկային ծրագիրը, այլ ոչ թե նրա պաշտպանունակության ավելի լայն հարցեր, ինչպիսին է բալիստիկ հրթիռների ծրագիրը:
Թրամփը սպառնում է՝ միաժամանակ ցանկանալով երջանկություն
Ուրբաթ օրը կայանալիք բանակցություններից առաջ Թրամփը հայտնել է, որ ցանկանում է՝ Իրանը լինի «հրաշալի, մեծ, երջանիկ երկիր, բայց այն չի կարող միջուկային զենք ունենալ»:
Այս հայտարարությունից մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահը Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է, որ եթե բանակցությունները ձախողվեն, «դա շատ վատ օր կլինի Իրանի համար»։
Իրանը պնդում է, որ ուրանի հարստացման իր գործունեությունը միայն խաղաղ նպատակներով է և երբեք չի ձգտի միջուկային զենք ստեղծել կամ ձեռք բերել:
Բայց քանի որ Թրամփը դուրս է եկել 2015 թվականի համաձայնագրից՝ վերականգնելով ԱՄՆ-ի պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ, Իրանն ավելի ու ավելի է խախտում գործող պայմանագրի սահմանները և բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի միջուկային ռումբեր պատրաստելու համար:
2015 թվականի համաձայնագրի համաձայն՝ Իրանը կարող է ուրանը հարստացնել մինչև 3,67% մաքրության մակարդակ։ Այնուամենայնիվ, փետրվարին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է, որ Թեհրանը կուտակել է մինչև 60% հարստացված ուրանի պաշարներ և կարող է համեմատաբար արագ բարձրացնել դրա մաքրությունը մինչև 90%, ինչը բավարար է միջուկային զենք ստեղծելու համար։
Միջուկային գործարքը, որը ձեռք է բերվել 2015 թվականին, հաջորդել է շուրջ երկու տարվա ինտենսիվ բանակցություններին:
Համաձայնության հասնելու նոր փորձի ընթացքում հիմա Իրանի ծրագիրն արդեն շատ ավելի առաջադեմ և բարդ է, քան 10 տարի առաջ էր, իսկ Մերձավոր Արևելքի տարածաշրջանն ընդհանուր առմամբ՝ շատ ավելի քիչ կայուն:
Թրամփը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում ռազմական ուժ կիրառել, եթե բանակցությունները ձախողվեն, թեև Իրանը բազմիցս հայտարարել է, որ ճնշումների ներքո չի բանակցի:
Այդուհանդերձ, հնարավոր չէ չնկատել, որ ներկայիս բանակցությունները նույնպես ընթանում են հսկայական ճնշման ներքո։
Մինչ կողմերը պատրաստվում էին այս հանդիպմանը, Վաշինգտոնը լրացուցիչ մի քանի ռազմանավեր և գաղտագողի ռմբակոծիչներ է տեղակայել Մերձավոր Արևելքում, ինչպես նաև նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: