Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին

Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Անթալիայում մասնակցել է պանելային քննարկման:

Քննարկման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին բարձրաձայնել է ՀՀ Սահմանադրության հետ կապված իրենց «պահանջները» և հայտնել, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի, սակայն հայկական կողմը դրան պատշաճ չի արձագանքում:

Ի պատասխան, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասն և սպառիչ պատասխան է տվել՝ նշելով.

«Նախարար Բայրամովը խոսեց շատ կոնկրետ պայմանների կամ նախապայմանների մասին: Գիտեք, Մինսկի ձևաչափի մասին է խոսքը: Մենք մի քանի անգամ արտահայտել ենք մեր պատրաստակամությունը՝ սկսել և նախաձեռնել Մինսկի ձևաչափի կառույցների լուծարման գործընթացը: Այդ կառույցները կարողեն լուծարվել այն դեպքում, երբ հակամարտություն չկա: Ուստի սա բավական հետաքրքիր հարց է. ունե՞նք արդյոք այսօր հակամարտություն, թե՞ ոչ: Գետնի վրա, փաստացի, հակամարտություն չկա, սակայն փաստաթղթերի մակարդակով չկա խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասով ստորագրված և վավերացված համաձայնագիր:

Այսպիսով, մենք կարող ենք շարունակել փիլիսոփայել այս հարցի շուրջ, բայց լուծումը մեզ համար, առնվազն մեզ համար, ակնհայտ է:

Մենք պետք է ստորագրենք համաձայնագիրը, ինստիտուցիոնալ կերպով վերջ դնենք այս հակամարտությանը, լուծարել այդ կառույցները հենց նույն օրը, եթե ցանկանում եք նույն պահին, կամ, չգիտեմ, տաս րոպե անց, կամ մի փաստաթղթից հետո մյուսը ստորագրվի: Ես նույնիսկ չեմ ասում, թե որ փաստաթուղթը պետք է առաջինը ստորագրվի:

Եկե՛ք ստորագրենք խաղաղության պայմանագիրը: Եկե՛ք ստորագրենք համատեղ դիմում ԵԱՀԿ անդամ պետություններին կամ քարտուղարությանը՝ լուծարման վերաբերյալ: Եկե՛ք ստեղծենք երկկողմ հանձնաժողով, որի մասին ես հենց նոր խոսում էի, և սկսենք բոլոր հնարավոր հարցերի քննարկումը»:

Նախարարը, հիշեցնենք, պատասխանել է ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Բայրամովի հնչեցրած դիտարկումներին ևս:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ