Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտությանը և սահմանին, այլև առևտրին. Միրզոյան

Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների պաշտոնական հաստատմանը և սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրին:

Այս մասին Անթալիայում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխանցում է TRT-ն:

«Մենք հասկանում ենք, որ վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է՝ ներառյալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և ամբողջ սահմանի բացումը, բայց երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների պաշտոնական հաստատմանը և սահմանի բացմանը: Խոսքը նաև լայնածավալ առևտրի մասին է: Քննարկել ենք որոշ համատեղ էներգետիկ նախագծեր և երկրների միջև տարանցման հնարավորությունները»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ անդրադարձ է եղել միջազգային ֆորումներում համագործակցության թեմային ևս։

ԱԳ նախարարի վստահեցմամբ՝ Անկարայի և Երևանի միջև արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են «օդային տարածքի օգտագործումը», երկու երկրների փորձագետները քննարկումներ են անցկացրել Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի և Գյումրի-Կարս երկաթուղու վերաբերյալ, սակայն, ըստ Միրզոյանի, որոշ ոլորտներում առաջընթացը կանգ է առել:

«Մենք պայմանավորվածություն ունեինք սահմանը բացելու երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար։ Ցավոք , այս պայմանավորվածությունը դեռևս կյանքի չի կոչվել»,- ասել է նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ