Անթալիայում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ կայացած պանելային քննարկման ժամանակ Ջեյհուն Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։
Հակադարձելով նրան՝ Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմը նույնպես կարող է հղումներ կատարել Ադրբեջանի Սահմանադրությանը, ինչը ամենևին հայելային կամ համաչափ մոտեցման ցուցաբերում չէ։
«Այո՛, ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, սակայն մեր հարևան երկրի Սահմանադրության մեջ էլ նշված է, որ Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակել է նախորդ հանրապետության իրավահաջորդը։ Բոլորս գիտենք, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունն իր սուվերենությունը հռչակել է ավելի մեծ տարածքի վրա, քան ներկայիս Ադրբեջանն է՝ ներառելով անկախ Հայաստանի տարածքների որոշ մասը։ Այնպես որ հարցը կրկին վերաբերում է մոտեցումներին, նրան, թե ինչից ենք սկսում մեր երկխոսությունը։ Ուզում ենք բոլոր հարցերի պատասխանները ստանալուց հետո սկսե՛լ համագործակցությունը, թե հենվում ենք այն հարցերի վրա, որոնց վերաբերյալ արդեն ունենք համաձայնություն»,- ասել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ այժմ առկա է աննախադեպ իրավիճակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձանության են եկել խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, որը հաստատվել է ԽՍՀՄ-ի լուծարումից հետո։
«Ի վերջո մենք հենվո՞ւմ ենք այս իրողության վրա, թե պատրաստվում ենք անտեսել պատմական այս հնարավորությունը և բանակցությունների սեղանին դնել խնդրահարույց նոր հարցեր։ Իմ համոզմամբ՝ այդ դեպքում գործընթացը երբեք չի ավարտվի»,- նշել է նա:
Անդրադառնալով ադրբեջաբնական կողմի այն դիտարկմանը, թե ՀՀ Սահմանադրությունից բխում է այն դրույթը, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Հայաստանին՝ ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնապես հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունը բաց, հանրային փաստաթուղթ է, յուրաքանչյուր ոք կարող է ստուգել և տեսնել, որ ՀՀ Սահմանադրության մեջ չկա որևէ դրույթ, որը վկայում է այն մասին, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։
«Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը շարունակ բարձրաձայնում այս հարցը։ Չէ՞ որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի կետերից մեկով երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և դա միանգամայն ընդունելի դիրքորոշում է։ Կա նաև այն մոտեցումը, ըստ որի՝ կողմերը չեն կարող հղում կատարել իրենց ներքին օրենսդրությանը՝ դրանով իսկ արդարացնելով խաղաղության պայմանագրի ստորագրման ձախողումը։ Մենք համոզված ենք, որ բոլոր խոչընդոտների հաղթահարման ամենակարճ ուղին պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է»,- եզրափակեց Միրզոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում:
994 դիտում , 1 դիտում այսօր