Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ հայ-իրանական զորավարժություններն ունեին երկու կարևոր բաղադրիչ: «Առաջինը՝ սա ինչ-որ չափով արձագանք է վերջին շաբաթների Ադրբեջանի մեղադրանքներին՝ հրադադարի խախտման վերաբերյալ։ Հայկական կողմն իհարկե հերքում է, բայց կար վերլուծություն, որ Ադրբեջանն էսկալացիոն ֆոն է նախապատրաստում։ Եվ երկրորդ շերտն ավելի կարևոր է՝ հայ-իրանական սահմանն այն պրոցեսի մեջ է, որ դառնում է հենց հայ-իրանական սահման»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հիշեցնելով, որ հայ-իրանական սահմանից ռուսական կոնտինգենտը դուրս է եկել, բուն վերահսկողությունը դառնում է 50/50 հարաբերակցությամբ։
Նրա դիտարկմամբ՝ այժմ հայ-իրանական սահմանն առանց միջնորդների և երրորդ կողմերի է։
Քոչինյանն ընդգծեց՝ Ադրբեջանի համար անակնկալ էր հայկական կողմի համաձայնեցումը խաղաղության պայմանագրի բոլոր դրույթներին։ Եվ այժմ, ըստ Քոչինյանի, Բաքուն, ձգձգելով պայմանագրի ստորագրումը, փորձում է հավելյալ կալորիաներ ստանալ. «Ադրբեջանը փորձում է հնարավորինս շատ ժամանակ ձգել, իր վրա պարտավորություններ չվերցնել։ Միջազգային հարաբերությունների կոնյունկտուրան քանդվում է, մենք մուտք ենք գործում անբևեռ աշխարհ, և դա Ադրբեջանին թույլ է տալիս փորձել ստանալու ավելին, քան մինչ այս պահը՝ ուժի սպառնալիքի կիրառմամբ։ Այնպես որ, Ադրբեջանը չի շտապում թեման փակել։ Կհամաձայնի փակել և ստորագրել պայմանագիրը մեկ պարագայում՝ եթե ստանա հավելյալ կալորիաներ, ընդ որում, պարտադիր չէ՝ Հայաստանի հաշվին»։
Մեր զրուցակիցն ասաց՝ եթե Եվրամիությունն ու ԱՄՆ-ն իսկապես հետաքրքրված են խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ապա ունեն Ադրբեջանին առաջարկելիք։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
121 դիտում , 1 դիտում այսօր