Ապրիլի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն են անցկացրել։
Հայկական Զինված ուժերի ստորաբաժանումը զորավարժությունն անցկացրել է Հայաստանի տարածքում, իրանական կողմի ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:
Հայաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ այս ժամանակահատվածում, երբ ադրբեջանական կողմը երբեմն կրակում է նաև Հայաստանի տարածքում կամ ապատեղեկատվություններ տարածելով մեղադրում, թե հայկական կողմը կրակ է արձակում ադբեջանական դիրքերի ուղղությամբ, Իրանի ու Հայաստանի համատեղ զորավարժությունների անցկացումը պատահական չէ։
Վերջինս շեշտում է, որ բոլորը տեղյակ են Ադրբեջանի ահաբեկչական ռեժիմի մասին, հետևաբար այստեղ կարևորվում է նաև այն մեսիջը, թե զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելը։
Թե՛ նախազգուշացումը, թե՛ զորավարժության մեսիջը Ալիևը նույնպես ընկալել է, ընդգծում է Ստեփանյանը։
Հայաստան–Իրան զորավարժությունները, Փեզեշքիանի այցը Բաքու և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները մեկ շղթայի մաս են կազմում, ասում է քաղաքագետը, բայց այդ շղթան Ադրբեջանի համար խոչընդոտ չի հանդիսանա իրականացնելու ագրեսիվ քաղաքականությունը։
Այն իրականացվելու է այնքան ժամանակ, քանի դեռ տարածաշրջանում գլոբալ փոփոխություններ տեղի չեն ունեցել։
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում։
1675 դիտում , 1 դիտում այսօր