«Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցի վերաբերյալ կա բազմապլան հստակություն։
Մենք ակնկալում ենք, որ մինչև մայիս կհասնենք կոնկրետ համաձայնությունների գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։ Նա նշեց, որ մեզ բնավ անհրաժեշտ չէ, նույնիսկ վտանգ է սպառնում այդ հյուպատոսության ներկայությունը Սյունիքում։
«Այստեղ պետք է դիտարկել այն պահը, թե ոնց, ում կողմից է այդ հարցը տրվում։ Այդ հարցն իրեն տալիս է ռուսամետ ուժերը ներկայացնող մի քաղաքական մեկնաբան. դա կամ Հայաստանի ռուսամետ ուժերի կողմից մի նախաձեռնություն է եղել, որ այդ հարցը հերթական անգամ բարձրացնեն, կամ դա եղել է պատվեր հենց Ռուսաստանի կողմից, որպեսզի այդ հարցը իրենք ևս մեկ անգամ բարձրաձայնեն և ասեն՝ մենք ոչ մի տեղ չենք կորել, մենք գալու ենք, մեր ազդեցությունը մնալու է, և Սյունիքում մեր ներկայությունը պետք է լինի։ Ռուսաստանի ներկայությունը Սյունիքում ինքնին նշանակում է, որ Ռուսաստանը չի հրաժարվել իր այն ծրագրերից, որով պետք է միջանցք տրամադրեր Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքով, և ինքը կառավարեր այդ միջանցքը, և Աստված գիտի, թե ինչ ապրանքներ և ինչեր էին այդ միջանցքով տեղափոխվելու։ Իրենք մեծ հույսեր էին կապում այդ միջանցքի հետ»,- նշեց Բագրատ Առաքելյանը։
Նրա խոսքով՝ հիմա Ռուսաստանը ևս մեկ անգամ հաստատում է, որ այդ միջանցքն այս կամ այն կերպ պետք է փորձեն բացել Հայաստանում կամ, համենայնդեպս, ինչ-որ լուրջ ազդեցություն ունենան հենց կոնկրետ Սյունիքում։
Մանրամասն՝ տեսանյութում