Հայաստանը չպետք է մտածի՝ ինչ կասեն ուրիշները, այլ շարժվի սեփական շահերով. ՀՀ-Իրան զորավարժություններն այս փուլում չափազանց կարևոր են

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ապրիլի 9-10-ն անցկացնում են համատեղ զորավարժություն:

ՀՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում: Ըստ հաղորդագրության՝ զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։

Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին հայտարարել է, որ Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները խաղաղ բնույթ են կրում: «Իրանի և Հայաստանի սահմանային տարածքներում որևէ վտանգ չկա, դա արվում է մարտական ուժերի պատրաստվածությունը բարձրացնելու, ահաբեկչության դեմ պայքարելու և կայուն խաղաղություն պահպանելու համար», — հայտարարել է Մաինին՝ շարունակելով. «Երկու երկրների սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն՝ հաշվի առնելով այն զգայուն դիրքը, որ տարածաշրջանը զբաղեցնում է»,- ասել է նա։

Իրանագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ համատեղ զորավարժություններն օգտակար են թե՛ Հայաստանի և թե՛ Իրանի համար. «Այս փուլում ո՛չ Հայաստանն ունի դաշնակից, ոչ էլ Իրանը, սակայն երկու երկրներն էլ ունեն անվտանգային լրջագույն խնդիրներ։ Ուստի ես կարծում եմ, որ մենք կարող ենք դրական գնահատել զորավարժություններ անցկացնելու հանգամանքը։ Սրանով ամրապնդվում է Հայաստանի ու Իրանի դաշնակցությունը, որը ռեալ վտանգ է Բաքվի՝ «Զանգեզուրի միջանցք» բացելու ախորժակի դեմ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն հարցին՝ արդյոք Հայաստանի այս քայլը կարո՞ղ է բացասաբար ընկալվել ԱՄՆ-ի կողմից՝ Թրամփից Իրանի հասցեին հնչող սպառնալիքների ֆոնին, Բեգիջանյանը պատասխանեց. «Չեմ կարծում։ Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել են համաձայնագիր՝ Բայդենի վարչակազմի վերջին օրերին, սակայն այդ համաձայնագիրը վստահաբար համաձայնեցված է Թրամփի հետ։ Միևնույն ժամանակ երկու կողմից էլ գործնական քայլեր չենք տեսնում համագործակցությունը սերտացնելու վերաբերյալ։ Այս փուլում ես չեմ կարծում, թե ԱՄՆ-ն կկարևորի զորավարժություններ անցկացնելու հանգամանքը, քանի որ Հայաստանը բարդ իրավիճակում է ու շարժվում է իր շահերով։ ԱՄՆ-ն կգա՞ Հայաստանի հետ զորավարժություն անցկացնելու, իհարկե՝ ո՛չ։ Մեծ հաշվով Իրանին ու Հայաստանին այսօր կան սպառնացող վտանգներ, և եթե շահերը համընկնում են՝ մենք պարտավոր ենք համագործակցել»,- ասաց նա։

Ըստ Բեգիջանյանի՝ Հայաստանի քաղաքականությունը մշտապես հիմնված է եղել այն բանի վրա, թե ինչ կմտածեն այլ երկրները, սակայն մեր զրուցակցի խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ անհրաժեշտ է նախևառաջ մտածել սեփական երկրի շահերի մասին. «Հայստանը պետք է հստակ ասի՝ մենք վտանգի առաջ ենք ու մեր շահերով ենք առաջ շարժվում, մանավանդ, որ մենք այսօր Թրամփի առաջնահերթությունների ցուցակում հարյուրերորդն ենք»։

Իրանագետը համարում է, որ այսօր ԱՄՆ-Իրան հարաբերությունները շատ անկանխատեսելի են, պատերազմի հավանականությունը՝ ևս. «ԱՄՆ-ն կարծես չի ցանկանում բախումներ, անգամ եթե հարվածեն Իրանի միջուկային օբյեկտներին՝ գիտությունը Իրանից չեն կարող տանել, որովհետև այդ տեխնոլոգիան Իրանն ունի։ Գուցե երեք տարի դադար լինի, բայց հաստատապես կդրդի Իրանին միջուկային զենքի արտադրության։ Ուստի իմ կարծիքով՝ առավել հավանական է համաձայնության գալը։ Երկու կողմին էլ բախում պետք չէ»։

Խոսելով Հայաստանի անելիքների մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ չի բացառվում պատերազմի դեպքում Իրանը հարվածի նաև Իսրայելի օբյեկտներին, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում գտնվող: «Այնպես որ բավականին բարդ իրավիճակ կստեղծվի և ավելի լայն մասշտաբներով, քան կարելի է մտածել։ Կա նաև վտանգ, որ ստեղծված իրավիճակից կօգտվի Ադրբեջանը՝ իր հարցերն առաջ տանելու համար, բայց ինչպես նշեցի՝ Իրանն այս դեպում ձեռքերը ծալած չի նստի, որովհետև իր սահմանները կարմիր գիծ են։ Բաքուն էլ հաշվի կառնի, որ հարվածի տակ կլինեն նաև Իսրայելի օբյեկտները»,- եզրափակեց նա։

Մարիամ Գրիգորյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ