Կինոարտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն, կխթանվի համատեղ արտադրությունը, ոլորտում կակտիվանա տնտեսական գործունեությունը, ինչն էլ կնպաստի հավելյալ եկամուտների գեներացմանը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը, ինչպես նաև Հայաստանում կինոոլորտի մասնագետների մրցունակության բարձրացմանը: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 10-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
Ըստ նախարարի՝ ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են, աշխատաշուկան՝ նույնպես: Օրինակ՝ ՀՀ-ում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակներին և ապահովել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ստեղծագործական ու տեխնիկական աշխատանքները:
2019-2024-ին Հայաստանում, ըստ նախարարի, ֆիլմարտադրության համար ֆինանսավորումը 309 մլն դրամ է եղել: Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ֆիլմարտադրողների կողմից ներդրվել է տարեկան միջինում 655 մլն դրամ:
«Այս նախագծով օտարերկրյա ֆիլմարտադրողները, այդ թվում՝ ՀՀ-ի ֆիլմարտադրողների հետ, ֆիլմ նկարահանելու պարագայում ՀՀ տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրված դրամական ծախսերի շրջանակում կարող են հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը:
Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն ՀՀ ռեզիդենտ, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ միջազգային կազմակերպությունների հետ արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ՝ համատեղ կինոարտադրություն սկսելու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ստացվում է ՀՀ-ն ֆիլմարտադրության համար ներդրումների մինչև 35 տոկոսի վերադարձի հնարավորություն է ստեղծում, ապա հիշեցրեց, որ նախկինում նաև օրենսդրական լուծում էր տրվել հարցին: Որոշման այս նախագծով արդեն ենթաօրենսդրական կարգավորումներ են կատարվում, որպեսզի գործընթացը թափանցիկ լինի:
15 դիտում , 1 դիտում այսօր