Թրամփը հայտարարել է՝ անհրաժեշտ դեպքում պատրաստ է ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է Իրանին ռազմական գործողություններով, եթե երկիրը չվերադառնա միջուկային գործարքին։

Թրամփը միջուկային գործարքին վերադառնալու վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների ծրագրված հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ կրկնել է ռազմական գործողություններ սկսելու իր մտադրությունը, եթե Թեհրանը չընդունի նրա վերջնագիրը: Այս մասին Թրամփը հայտարարել է ապրիլի 9-ին լրագրողների հետ զրույցում, հայտնում է Associated Press-ը։

Թրամփն ասել է, որ ցանկանում է, որ Իրանը բարգավաճի և դա «հիանալի լինի», բայց թույլ չի տա, որ երկիրը միջուկային զենք ունենա։ Թեհրանը հասկանում է դա, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Նա նաև կրկնել է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառելու իր խոստումը և ասել, որ Իսրայելը կմասնակցի հնարավոր հարձակմանը:

«Եթե դա պետք է արվի ռազմական ճանապարհով, մենք դա կանենք ռազմական ճանապարհով: Իսրայելն ակնհայտորեն շատ ակտիվ կլինի դրանում: Նրանք կլինեն դրա առաջնորդները: Բայց մեզ ոչ ոք չի առաջնորդում: Մենք անում ենք այն, ինչ ուզում ենք»,- վստահեցրել է Թրամփը:

Իրանը, ի պատասխան Թրամփի բազմիցս հնչեցրած սպառնալիքների, ԱՄՆ-ին խոստացել է «կոշտ պատասխան» և կոչ արել Վաշինգտոնին հետ կանգնել էսկալացիայից։

«Մենք չենք կարող պատկերացնել, որ նախագահ Թրամփն ուզում է դառնալ ԱՄՆ-ի ևս մեկ նախագահ՝ Մերձավոր Արևելքում աղետալի պատերազմի մեջ ընկած»,- գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Washington Post-ի սյունակում:

Իր առաջին ժամկետի ընթացքում Թրամփը միակողմանիորեն դուրս էր բերել Միացյալ Նահանգները 2015 թվականի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ), որը հայտնի է որպես միջուկային գործարք։ Այնուհետև ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Թեհրանը չի կատարում համաձայնագրի իր մասը և ինքնին գործարքն անվանել է «ամենավատը երբևէ եղածներից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ