Գյումրին Վարդան Ղուկասյանի ճիրանները վերադարձնողները շահերի բախում կունենան

Գյումրիում ընտրություններն ավարտվել են, բայց ընտրությունների շուրջ զարգացումները դեռ նոր երանգներ են ստանում։ Մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում հայտնել է, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետի թեկնածու կառաջադրի, իսկ լրագրողի դիտարկմանը, թե ՔՊ-ի ձայները պակասում են, և ՔՊ թեկնածուն չի ընտրվելու, Ալեն Սիմոնյանն արձագանքել էր. «Ի՞նչ գիտեք՝ չի ընտրվելու»։

Այսօր Գյումրու ավագանու ընտրություններին Կոմկուսով առաջադրված Վարդան Ղուկասյանն արձագանքել է ԱԺ նախագահին և հայտարարել է, որ ամսի 16-ը կգա, կտեսնենք: «Չգիտեմ. ով հանկարծ սխալ բան արեց՝ իրենց տերերից բռնած, կասեմ՝ ով է գործունեություն կատարում, և ով է նրանց ետևում կանգնած։ Ես դա կբարձրաձայնեմ ողջ Հայաստանով մեկ, և բոլորը կտեսնեն՝ ընդդիմության ետևն ովքեր են կանգնած, և ովքեր են սարքում էս ամենը ինչը։ Ես հիմա նստած՝ սպասում եմ»,- ասել է Ղուկասյանը։

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։

«Սա նախևառաջ նշանակում է, որ էն ուժերը, ովքեր ձայն են տալու Վարդան Ղուկասյանին, այդ ուժերի շրջանում այնքան էլ անդորր չի տիրում, և մարդիկ, բնականաբար, ոչ թե քաղաքական ընտրություն են կատարել, այլ փաստացի աշխատում են ՔՊ-ի դեմ, որպեսզի ՔՊ-ն Գյումրիում չունենա քաղաքապետ և ավագանու մեծամասնություն, և դեռևս քաղաքապետ չընտրված՝ ջրի երես են դուրս գալիս խնդիրներ, որոնց մասին մենք խոսել ենք: Համոզված եմ, որ եթե նույնիսկ Վարդան Ղուկասյանը դառնա Գյումրիի քաղաքապետ, ապա դրանով նոր իրադարձությունների ականատես կլինենք, քանի որ լավ գիտենք, որ Վարդան Ղուկասյանը դառնալու է փոքրամասնության քաղաքապետ. փաստացի այն երկու-երեք ուժերն էլ, ովքեր ձայներ են տվել, նրանք մեծ ազդեցություն են ունենալու Վարդան Ղուկասյանի վրա: Փաստացի մենք կտեսնենք Գյումրիում քաղաքային իշխանության, քաղաքի կառավարման հերթական ձախողումը, որն իր բացասական հետևանքներն է ունենալու հենց Գյումրու և գյումրեցու վրա»,- ասաց քաղաքագետը։

Նա նաև նշեց, որ այնպես չէ, որ մյուս ուժերը և մասնավորապես Մարտուն Գրիգորյանի թևը մեծ ցանկություն ունեն, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, և այստեղ հարց է առաջանում՝ ուղղված Մարտուն Գրիգորյանին. եթե դուք ձեր երկու ձայնով Վարդան Ղուկասյանին դարձնում եք քաղաքապետ, ապա կրո՞ւմ եք այդ պատասխանատվությունը։

«Այստեղ ակնհայտ է նաև, որ էդ թևը փորձում է խուսափել պատասխանատվությունից՝ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքի կառավարման, բայց միևնույն է, նրանք, ովքեր Վարդան Ղուկասյանին կդարձնեն Գյումրիի քաղաքապետ, նրանք կրում են ուղիղ պատասխանատվություն, այդ թվում նաև քաղաքական, Գյումրին հերթական անգամ Վարդան Ղուկասյանի ճիրանները վերադարձնելու համար»,- նշեց քաղաքագետը։

Մանրամասն՝ տեսանյութում

270 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ