Աջապահյանի «բենզինը»՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի «կրակին»

Երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև ամիսներ տևող քարոզչական փոխհրաձգությունը, որը Գյումրիի ՏԻՄ ընտրությունների շրջանում փոքր-ինչ պասիվացել էր, նորից մտել է «թեժ» փուլ։ Կրակին բենզին լցնողը եղավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որն իր վերջին շրջանի հարցազրույցներից մեկում հանդգնել էր ասել ճշմարտությունը՝ հանրության շրջանում նախկին նախագահների նկատմամբ ատելությունը սարսափելի մեծ է, ինչն անդրադարձավ նաև Գյումրիի ընտրությունների քվեարկության պատկերի վրա։ Ըստ այդմ՝ ընդդիմադիր թեկնածուներից ոմանք ասոցացվեցին Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ և ցածր տոկոսներ ստացան, մինչդեռ եթե չնույնացվեին, նրանց հավաքած տոկոսներն ավելի տպավորիչ կլինեին։

Աջապահյանն իր հարցազրույցում, նկատենք, այս անգամ պարիտետը խախտել է՝ առանձնահատուկ տեղ հատկացրել Սերժ Սարգսյանին և նրա հասցեին կծու, թթու, դառը խոսքեր շռայլել, ընդհուպ կասկածի տակ դրել վերջինիս տղամարդկությունը՝ նրան հակադրելով «իսկական տղամարդ» Ռոբերտ Քոչարյանին։ «Սերժ Սարգսյանին ամենաշատն եմ քննադատում, քանի որ ինքը եղել է հիմնական դերակատարը ընդդիմության էս կոլապսի։ Է, ես եմ մեղավոր, որ ինքը հիմնական դերակատարն է։ Միայն Գյումրիում չէ ինքը հեղինակը, այլև ամբողջ հանրապետությունում։ Հիմա թող էլի հանրապետականները հարձակվեն։ Արդեն էդ հանրապետականմների հարձակումը խոսում ա այդ մասին։ Այլապես սրբազանն ա, ա, դե, մի բան ա, ասում ա։ Կարող են ասել, չէ՞։ Բայց էն բուռն պաշտպանությունը, որով պաշտպանում են իրենք իրենց ղեկավարին, խոսում է այն մասին, որ ես ճիշտ եմ ասում, չէ՞։ Էդ մարդը հայտարարել է նաև, որ ինքը չի լինի նաև ՀՀ վարչապետ, որ ինքն է լինելու Երևան-Ստեփանակերտ թռիչքի առաջին ուղևորը, որ էդպես էլ չթռավ։ Էդ մարդը հայտարարել ա, որ ՀՀ-ն դառնալու ա սպիդի բուժման կենտրոն, որ էդպես էլ չդարձավ, էդ մարդը հայտարարում էր, որ մենք ԵՄ ենք գնում, բայց մի գիշերվա մեջ մտանք Եվրասիական միություն։ — Իսկ Քոչարյանն ինչ ասել ա, արել ա՞: — Այո, իհարկե։ Մեծամասամբ այո։ Այո, և նաև Քոչարյանը տղամարդ ղեկավար է։ Ես սիրում եմ էդպիսի։ Մնացած՝ կոռուպցիա-մոռուպցիա, ֆլան-ֆստանները չեմ ընդունում։ Բայց պետք ա ղեկավարը տղամարդ լինի…»։

Հիշեցնենք, որ սա այն նույն հոգևորականն է, որն ամիսներ առաջ, երբ այլևս ակնհայտ էր, որ իր հոգևոր սանի՝ Բագրատ Գալստանյանի առաջնորդած «սրբազան շարժումը» տապալվել է, շտապեց մեղավորներ կարգել երկրորդ և երրորդ նախագահներին: Իր այդ հարցազրույցում, սակայն, սրբազանն անողոք էր գտնվել երկուսի հանդեպ էլ. «Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը իր որոշակի անհաջողության: Հիմա, թերևս, ավելի բացահայտ կարող եմ ասել: Հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է և ուրվականն է: Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ Սրբազանը, այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունը դա պահանջում է, ու եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահպանելու համար: Եվ երկրորդ, և երրորդ նախագահները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից: Սթափ բանականությունն ու հաշվարկը դա է պահանջում: Եթե իրենք դա չգիտեն, նշանակում է՝ ոչ մի բան էլ չեն հասկանում: Եվ երկրորդ նախագահը, և իր որդին պետք է հայտարարեն և փաստացի հեռանան: Նույնը վերաբերում է երրորդ նախագահին, նա պետք է բաց թողնի այդ ՀՀԿ-ին: Ինչպես պատահական մտավ, այդպես պատահական էլ պետք է դուրս գա»։

Շիրակի թեմի առաջնորդի անկեղծության այս վերջին պոռթկումը՝ Քոչարյանին ուղղված քննադատության ակնհայտ մեղմացմամբ, ցնցում առաջացրեց Սերժ Սարգսյանի թիմում։ Տարբեր կալիբրի ՀՀԿ-ականներ հերթով-կարգով սկսեցին տեղը դնել Աջապահյանի պորտը՝ պաշտպանելով իրենց կուսղեկի տղամարդկային արժանապատվությունը։ Եվ ոչ միայն տղամարդկային։

ՀՀԿ-ի ագիտպրոպի «ծանր հրետանին»՝ Արմեն Աշոտյանը, բարձրաստիճան հոգևորականին անվանեց «շարքային նյուզմեյքեր», նրա բացախոսությունն էլ որակեց «սերժատյաց» և «հանրապետականաֆոբ» գործչի խոսույթ։ «Սեփական անձի նկատմամբ հոգևոր խոնարհության փոխարեն դիվային էգոցենտրիզմով տառապող և քաղաքական կյանքում ակտիվացած Միքայել սրբազանը չի էլ նկատում, թե ինչպես է դառնում երկրորդ նախագահի քարոզչական թիմի կողմից մեր դեմ անթաքույց կերպով օգտագործվող անձ։ Սխեման շատ պարզ է. Սրբազանը մեր մասին ավելի վատ է արտահայտվում, քան իրենց, նրանք վերցնում են այդ հատվածները և ակտիվորեն շահագործում մեր դեմ, մենք ստիպված հակադարձում ենք, երբեմն՝ հիպերռեակցիայով, քոչարյանական ալիքներով «օրվա հերոս» դարձած սրբազանին, իսկ երկրորդի թիմակիցները կուսական անմեղություն արտահայտող դեմքերով սկսում են բարոյախրատական ճամարտակումներ անել»։

Քոչարյական դաշտից նույնպես հնչեց պատասխան հակահարվածը, սակայն՝ անհամեմատ ավելի մեղմ ու քնքուշ, եթե չասենք՝ փիլիսոփայական։ Մարտի դաշտ «Ավետարանով» գործուղված՝ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը ծոր տվեց. «Սրբազանն էլի հարցազրույց է տվել, գովել՝ Քոչարյանի կառավարման տարիները, քննադատել՝ Սերժ Սարգսյանին… ու մի փոթորիկ համացանցում, էլ դավաճան, էլ քայլող անտեղյակություն, էլ «Քոչարյանի վկա տերտեր» ու էլի բազմաթիվ պիտակավորումներ ու գնահատականներ… էժան, շատ էժան։ Կհիշեք, նման մի հարձակման թիրախում էլ վերջերս հայտնվել էի ես, քանի որ վերլուծել էի 2018 թվականի իրադարձությունները, այդ օրերին երրորդ նախագահի քայլերը կամ ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը։ «Թագավորը մե՜րկ է»,- համարձակվել էի ասել ես։ Վստահ եմ այս գրառումից հետո էլ հիստերիայի պակաս չի լինի, բայց, սիրելիներս, ինչպես կասեր դասականը՝ սիրուն չի, հեչ սիրուն չի…»։

Սիրուն է այս ամենը, թե տգեղ՝ թող դատի հանրությունը։ Հայտնի սիթքոմի տրամաբանությամբ՝ «աղջիկներ, մի կռվեք, երկուսդ էլ ճիշտ եք»։

Աստված օգնական։ Մեզ մնում է նկատելը՝ եթե Սերժ Սարգսյանի անվան կողքին, այն էլ՝ նման կոշտ դիտարկումներով, հոլովված չլիներ վերջինիս թիվ մեկ կոնկուրենտ Քոչարյան անունը, սերժսարգսյանականները երևի թե այդչափ չխոցվեին։ Երրորդ նախագահի ագիտպրոպն արդ, արձագանքելով արքեպիսկոպոսին, ակնհայտորեն խոցում է գլխավոր թիրախին՝ Ռոբերտ Քոչարյանին։

313 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ