Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարից. տեսանյութ

Նախօրեին՝ կանչի վայրից հետ գնալու ժամանակ՝ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում, Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ. հենց այստեղ է շտապօգնության մեքենան բախվել երկաթե էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով վարորդի կողքին եղած բժիշկը մահացել է, բուժքույրը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։

Երևանի շտապօգնության տնօրենն ասում է՝ հավանաբար վարորդի աչքն է կպել ղեկին: Երևանի քաղաքապետարանի խոսնակն էլ հայտնել է, որ վթարի հետևանքով մահացած բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել։

Վթարից տուժած վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վարորդը կոտրվածքներ է ստացել, բուժքույրը՝ վիրահատվել։ Այժմ բուժքույրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայության տնօրենը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում չի ընդունում այն քննադատությունները, թե 25–ամյա վարորդը եղել է անփորձ։ Նրա խոսքով՝ վարորդն աշխատել է այլ պատասխանատու կառույցներում ևս, իսկ շտապօգնության ծառայությունում աշխատում է արդեն 10 ամիս։

Շտապօգնության ծառայության տնօրենը վստահեցնում է, որ ծառայության աշխատակիցները աշխատում են որակյալ պայմաններում, հետևաբար դժբախտ դեպքերի արդյունքում չպետք է որակավորում տալ կամ մեղադրանքներ հնչեցնել թե՛ ծառայությանը, թե՛ ծառայության աշխատակիցներին։

Մահացած 68–ամյա բժշիկն էլ, ըստ Ռուբեն Գրիգորյանի, 40 տարի աշխատել է շտապօգնության ծառայությունում. սրտաբան էր։

Քննչական կոմիտեից էլ «Հայկական ժամանակ»–ին փոխանցել են, որ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, և կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

237 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ