Մենք ճշգրիտ քարտեզներ ենք տվել, Ալիևը պարզապես չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը, որ իր ժողովրդին ասելիք ունենա. Գալիչյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ: «Կարևորելով մարդասիրական խնդիրների լուծումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանը միակողմանիորեն, առանց նախապայմանների Ադրբեջանին տրամադրել է ականապատ տարածքների 972 գրանցամատյան»,- X-ի իր էջում գրել է նա:

Բադալյանը հավելել է, որ հավատարիմ մնալով հումանիտար հարցերում համագործակցության սկզբունքներին՝ Հայաստանը հարցումների միջոցով կազմել և 2024 թվականի սկզբին ականապատ տարածքների նոր գրանցամատյաններ է փոխանցել Ադրբեջանին: «Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը՝ չնայած մեր բազմաթիվ հայտարարություններին, որ «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան։ Հայաստանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պատրաստ է ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ»,- նշել է խոսնակը:

ԱԳՆ-ից հիշեցրել են՝ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Բաքվի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատման գործողությունների մեջ:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել էր, թե Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված ականապատ քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է։ Նրա խոսքով՝ առկա է մոտ 400 հազար ականի տեղակայում, սակայն իրական թիվը մոտ 1.5 միլիոն է։ Հաջիզադեն և Բաքվի այլ պաշտոնյաներ նշում են, որ ՀՀ-ից ակնկալում են բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզների տրամադրում։

Քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի խոսքով՝ Ադրբեջանը պետք է հստակ նշի, թե կոնկրետ որ տարածքների մասին է իր պահանջը: «Եթե այն տարածքներն են, որոնք մենք ազատագրել էինք, և որոնք մեր հսկողության տակ էին մինչև 2020 թվականը՝ վստահաբար այնտեղ ականապատումներ եղել են։ Այդ բոլոր քարտեզները հանձնվել են Ադրբեջանին, որովհետև իրենք հետ են գրավել հողերը, որոնք մենք ժամանակին ազատագրել էինք։ Հարցի երկրորդ մասն այն է, որ ամեն երկիր իր տարածքները պաշտպանելու համար իր սահմանների շուրջն ականապատում է, որ երբ իրենք պատերազմի ժամանակ հետ քաշվեն՝ թշնամին հանգիստ չանցնի սահմանը և վնասներ ու զոհեր կրի։ Իսկ եթե հիմա Ադրբեջանը խոսում է 2021 թվականին Հայաստանից գրաված տարածքների մասին՝ 240 քառակուսի կմ-ից ավելի, դա մեր հողն է, և մենք ենք այն ականապատել, քարտեզներ տալ չենք կարող»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ հավանաբար Ադրբեջանն այդ հատվածի ականապատ քարտեզներն էլ է ուզում ունենալ. «Եվ իր հայտարարություններով Ադրբեջանն անուղղակիորեն փաստում է, որ մտել է Հայաստանի տարածք»։

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե մեր կողմից տրամադրված քարտեզները ճշգրիտ չեն, Գալիչյանն ասաց. «Մենք ճշգրիտ քարտեզներ ենք տվել, եթե ուզում են՝ թող մասնագետ ուղարկեն ճշգրտությունը պարզեն։ Սակայն եթե խոսում են մեր հողի ականապատ տարածքների քարտեզների մասին, ապա մենք ինչո՞ւ պետք է տանք, դա մեր հողն է, ինչո՞ւ են մտել մեր հողը։ Իսկ եթե խոսքն արդեն տրամադրված Ղարաբաղի տարածքի քարտեզների մասին է, ապա մենք տվել ենք։ ԱԳՆ-ն ու ՊՆ-ն առայժմ չեն ճշգրտում, թե որ տարածքների մասին է խոսքը, և գուցե դա իր մեջ ռազմական գաղտնիք է պարունակում։ Մենք վստահաբար տվել ենք Ղարաբաղի տարածքների ականապատ քարտեզները, բայց նաև նշեմ, որ պատերազմի ժամանակ շատ դժվար է ականապատման ճիշտ կետերը որոշել՝ այսինչ տեղանքից քանի սանտիմետրի ու մետրի վրա է, զինվորն արագ-արագ անում է ու հետ գնում։ Հնարավոր չէ սանտիմետրի ճշգրտությամբ քարտեզ ունենալ։ Թող միջազգային դիտորդները գնան ու փաստեն»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը կարծում է, որ Բաքվի հայտարարությունները պարզապես պատճառաբանություն են՝ խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար. «Վերջին ամիսներին ուզում են, որ Սահմանադրություն փոխենք, Մինսկի խումբը լուծարենք, Զանգեզուրի միջանցք տանք, սա էլ հերթականն է։ Նրանք պարզապես ոչ մի գնով չեն ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի որ եթե ստորագրեց պայմանագիրը՝ իր ժողովրդին ասելիք չի ունենա, թե Հայաստանից սա է վերցնելու, նա է վերցնելու։ Նման պարագայում իր դիրքը խարխուլ կլինի, միայն պատերազմի սպառնալիքով է իր տեղը երկրում ամրապնդում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ