Քաղաքագետ Գագիկ Քամալյանը, անդրադառնալով Գյումրիի ընտրություններին և դրա համապետական համատեքստին, նշեց, որ հասարակության ներսում կա բանավեճ. անցումային շրջան է՝ ավտորիտար մտածողությունից հասարակությունն անցում է կատարում ժողովրդավար մտածողության, և, բնականաբար, այդ անցումային փուլում պետք է այդ բանավեճը տեղի ունենա։ Եվ այդ բանավեճը, ըստ նրա, տեղի կունենա նաև 2026 թվականի ընտրություններին, որի ժամանակ քաղաքացին պետք է որոշում կայացնի՝ ընտրում է ժողովրդավարական ազատությունների ճանապա՞րհը, թե՞ գնում է կրկին ավտորիտար բնույթի կառավարման։ «Գյումրիում տեղի ունեցավ փոքրիկ ռևանշ։ Այդ քրեաօլիգարխիկ տարրերը տարբեր մանիպուլյացիաներով կարծես կարողանալու են իշխանության գալ»,- ասաց Քամալյանը։
Քոչարյանի և Սարգսյանի թիմերի միջև խնդիրները ներկլանային «բազարներ» են։ Նրանք պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին։ «Բնականաբար, Ռուսաստանը ճակատ է ձևավորելու՝ ընդդեմ Հայաստանի դեմոկրատական ուժերի։ Եվ այդ ճակատը ռուսական կողմը կարծես թե առանց Սերժ Սարգսյանի է պատկերացնում, որովհետև Քոչարյանի թևի ամենառուսաֆիկացված հատվածը՝ Անդրանիկ Թևանյանն ու մյուսները, հենց իրենք են հակասերժական այս քարոզչությունն իրականացնում։ Ռուսաստանը կարծես չի ներել Սերժ Սարգսյանին ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու ու 2018 թվականի պրոցեսների համար»,- ասաց Գագիկ Քամալյանը։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի համար ամենահարմար թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Չի կարող այլ կերպ լինել, որովհետև հայ ժողովրդի աչքի առաջ 2000-ականներին Ռոբերտ Քոչարյանն էր, որ Հայաստանի ողջ կապիտալ ռեսուրսները նվիրեց Ռուսաստանին։ «Սա, եթե Հայաստանը կարողանար լուրջ պետական ինստիտուտներ ձևավորել ու ամուր պետություն ունենալ, պետական դավաճանության տիպիկ օրինակ է։ Քո ֆունդամենտալ նշանակության ռեսուրսները զիջում ես այլ երկրի, որն էլ քաղաքական լուրջ խոցելիություն է ստեղծելու քո երկրի համար»։
Չնայած այս ամենին, Քամալյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանը ևս իր ողջ ռեսուրսով գործելու է դեմոկրատական ուժերի դեմ։