Ինչպե՞ս անվանենք, երբ պետք է 50 հազար դրամ տանք մի մարդու, ով 400 հազար դրամ աշխատավարձ է ստանում. փոխվարչապետը՝ արցախցիներին աջակցության մասին

«Պայմանավորվել ենք, որ խոսելու ենք միայն սոցիալական հարցերի մասին»,- ԱԺ-ում 24news-ի հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով արցախցիների հետ հանդիպմանը և հարցին, թե ինչու չեն շոշափվել վերջիններիս իրավունքների հետ կապված հարցերը:

Խաչատրյանը նշեց, որ 40+10 ծրագիրը ապրիլի 1-ից դադարեցնելու նպատակը պետության սուղ միջոցներն առավել նպատակային ուղղելն է.«Մեր աջակցությունը դարձրել ենք ավելի թիրախային սոցիալական խմբերին ուղղված: Այն ընտանիքները, ովքեր ունեն լրացուցիչ դրամական աջակցության կարիք կօգտվեն մեկ այլ որոշման աջակցությունից»,- նշեց նա ու հավելեց, որ պետական նշված աջակցությունից օգտվողներին ընտրելիս հիմք կհանդիսանա մեկ անձի հաշվով միջին եկամուտների փաստացի չափը:

«Ինչպե՞ս անվանենք, երբ պետք է 50 հազար դրամ տանք մի մարդու, ով 400 հազար դրամ աշխատավարձ է ստանում»,- նկատեց փոխվարչապետը:

Հարցին, արդյոք արցախցիների վրանները հավաքելու պայմանով առաջարկվել է մեկ ամսով երկարաձգել ծրագիրը, նա պատասխանեց, որ հայտարարությունը սխալ է մեկնաբանվում.«Ասել ենք, որ կարող ենք ևս մեկ ամիս շարունակել աջակցությունը, որպեսզի իրենց կողմից ներկայացվեն առաջարկներ և կարողանանք մեր անելիքները որոշել»:

Հարցին, թե արդյոք պետությունը խնդիր չի ստեղծում բնակարանների վարձերը վճարելու առումով կարծիք հայտնեց, որ բողոքողներն այդքան էլ անկեղծ չեն.«Խնդրի երկարաժամեկտ հիմնովին լուծումը բնակարանային ապահովման ծրագրին է, որին դիմելիությունը շատ ցածր է, ինչու՞ չեն դիմում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ