Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքներից ոգևորվել են ոչ միայն այսպես կոչված ընդդիմադիր ուժերն ու նախկին քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչները, այլև որոշ սրբազաններ։
Նախորդ տարվա «սրբազան շարժման» գլխավոր դերակատարները Բագրատ Գալստանյանը և Միքայել Աջապահյանը նույնիսկ հայտարարում են, որ Գյումրու այսպես ասած հաղթանակը պետք է բերել Երևան։
Ընդհանրապես Հայաստանում եկեղեցականները բավական ակտիվ են սկսել ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ, ինչը թերևս հակասում է եկեղեցական և հոգևոր արժեքներին ու սկզբունքներին։ Ընդորում, սրբազանները ոչ միայն քաղաքական հայտարարություններով են աչքի ընկնում, այլև երբեմն իրենց թույլ են տալիս հակապետական կոչեր հնչեցնել։ Այս առումով թերևս ամենաակտիվը Բագրատ Գալստանյանն ու Միքայել Աջապահյանն են, որոնք միշտ հայտնվում են ցանկացած հակաիշխանական ալիքի կատարին։ Սակայն այս անգամ, կարծես թե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցների սերն առ սրբազաններ՝ խիստ հակասական է։
Արդեն մի քանի օր չի դադարում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի դեմ սկսված գռեհիկ քարոզչությունը։ Աջապահյանի դեմ մեդիաարշավանքները հիմանականում վարում են Սերժ Սարգսյանի թիմակիցները։
Վերջին օրերին ամբողջ հանրությունը տեսնում է թե ինչպես են «Հանրապետական» կուսակցության կարկառուն ներկայացուցիչները քարկոծում Աջապահյանին, ու միայն այն բանի համար, որ նա համարձակվել է քննադատել Սերժ Սարգսյանին և նրան համարել է ընդդիմության կոլապսի հիմնական դերակատարը։
Իհարկե, հանրությունն արդեն սովոր է տեսնել, թե ինչպես են Քոչարյանի և Սարգսյանի գաղափարակիցները միմյանց քննադատում, վիրավորում և նույնիսկ ստորացնում։ Շատերը գուցե ասեն, որ դա այդ երկու ուժերի անձնական գործն է և հանրությունը չպետք է մտնի նրանց մատի և մատանու արանքը, սակայն այստեղ կա բավական ուշագրավ պահ։
Մեկ տարի առաջ, երբ Բագրատ Գալստանյանը, գառնուկը գրկում Տավուշից քայլելով գալիս էր Երևան՝ որոշ խիստ «սրբազանասեր» մարդիկ, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցները, «քարերով խփում» էին բոլոր նրանց, ովքեր համարձակվում էին սրբազանի հասցեին քննադատական խոսք ասել։ Այսօր այդ նույն մարդկանց ստվար մասը ամենավերջին բառերով վիրավորում և հայհոյում է Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանին, որովհետև Աջապահյանը քննադատել է այդ մարդկանց «քաղաքական սրբազանին»։
Ինչ խոսք, հետաքրքիր է հետևել «սրբազանասեր» մարդկանց մակընթացությանն ու տեղատվությանը, հենց այս պահերին է պատռվում շատերի դիմակը և ակնհյատ դառնում, որ նրանց համար սրբազանը ոչ թե եկեղեցու սպասավորն է, այլ իրենց քաղաքական կնքահայրը, որն իրենց համար սրբերի սուրբն է։