Ովքե՞ր են Արթուր Վանեցյանի կուսակցության խոշոր նվիրատուները

Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի մաս կազմող կուսակցությունները, ըստ կարգի, ԿԸՀ են ներկայացրել կուսակցությունների գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Դաշինքի մաս կազմող՝ Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության հայտարարագիրն (ժամանակաշրջանը՝ 1.04.2024-1.03.2025) ուսումնասիրելիս Civic.am-ը պարզեց՝ ԱԱԾ նախկին տնօրենի կուսակցության եկամուտները գոյացել են նվիրատվություններից։ Խոշոր նվիրատուների թվում են նախկին պաշտոնյայի ազգականները։ Մասնավորապես Գուրգեն Վանեցյանը կուսակցությանն է նվիրաբերել 2 մլն 500 հազար դրամ, Արտյոմ Վանեցյանը՝ ԱԱԾ նախկին տնօրենի որդին, նույնպես 2 մլն 500 հազար դրամ է նվիրաբերել հայրիկի կուսակցությանը, իսկ Տիգրան Վանեցյանը՝ 5 մլն դրամ, որը գերազանցում է մեկ ֆիզիկական անձի կողմից կատարված նվիրատվության՝ օրենքով սահմանված առավելագույն (2 մլն 500 հազար դրամ) չափը։

Նվիրատուների ցանկում են նաև կուսակցության անդամներ Արսեն Բաբայանը, Խաչիկ Գալստյանը, որոնք նույնպես յուրաքանչյուրը 2 մլն 500 հազար դրամ են նվիրաբերել։ 23 նվիրատուներից ամենափոքր նվիրատվությունը «Հայրենիք»-ին եղել է 500 հազար դրամը։ Նվիրատվությունները կազմել են ընդհանուր շուրջ 50 մլն դրամ։ Կուսակցության դրամական միջոցներն էլ կազմել են ավելի քան 150 հազար 500 դրամ։

Դաշինքի մաս կազմող մյուս՝ 2021 թվականին գրանցված, գործարար Երվանդ Թարվերդյանի ղեկավարած «Միացյալ Հայաստան» կուսակցության հայտարարագրում էլ զրոներ են։ Կուսակցությունը 1.03.2023-ից մինչև 1.03.2024 թվականը ոչ եկամուտ է ունեցել, ոչ էլ դրամական միջոց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ