Քանի ծնողազուրկ դպրոցական և ուսանող իրավունք ունի օգտվել տրանսպորտի սակագների արտոնության փաթեթից․ մանրամասներ

Հայաստանի Հանրապետությունում 16 563 ծնողազուրկ դպրոցական և ուսանող կա․ այս տվյալների մասին Երևանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Նատալի Սինորյանը տեղեկացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իր հարցման պատասխանից։

Հիշեցնենք՝ 2024 թվականի նոյեմբերին Երևան քաղաքի ավագանու սահմանած արտոնությունով նրանք 2025 թվականի հունվարի 1-ից անվճար երթևեկելու հնարավորություն ունեն։

Սինորյանը հիշեցնում է՝ ավագանին երբեք նման որոշում չի ունեցել, որ անդրադառնա թիրախային այս խմբին. սա փաստացի առաջին նման որոշումն էր։

Արտոնությունից օգտվելու համար տվյալ խմբին պատկանող ուսանողները և դպրոցականների խնամակալները կարող են նույնականացման քարտի միջոցով Երևան տրանսպորտ կայքում ակտիվացնել իրենց փաթեթը, կամ անձը հաստատող փաստաթղթով մոտենալ «Թելլ–սելլի» սպասարկման գրասենյակներ, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների գրասենյակներ, որտեղ համապատասխան աշխատակիցները կհորդորեն կամ կուղղորդեն։ Թե՛ դպրոցականները, թե՛ ուսանողները դիմելու դեպքում ստանալու են տրանսպորտային նույն քարտից, որից օգտվում են հանրային տրանսպորտից օգտվողները։

Տրանսպորտային համակարգի արտոնություններից օգտվելու իրավունք ունեն 0–ից 7 տարեկան երեխաները, 8–18 տարեկան դպրոցականները, ծնողազուրկ դպրոցականները, թոշակառուները և ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք, պետական խնամքի տակ գտնվող անձինք, նպաստառուները, հերոսները, օրինակ՝ ՀՀ Ազգային հերոս, Մարտական խաչ և այլն, ինչպես նաև բազմազավակ ծնողները։

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում

169 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ