Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի կարծիքով՝ սոցիալական խնդիրները դրսի ուժերի կողմից ԼՂ մեր հայրենակիցների առջև նետված խայծ են՝ նրանց փողոց դուրս բերելու համար: «Այնպես չէ, որ իմ սրտով են ՀՀ-ի ներսում արցախցիների սոցիալական խնդիրները, բայց դրանք մատնանշելուց առաջ պետք է նաև ՀՀ մեր քաղաքացիների խնդիրները վեր հանել։ Բնակարանային ապահովության խնդիր ունեն նաև միջին վիճակագրական երևանցին, արմավիրցին, տավուշցին, գեղարքունիքցին։ Այս համատեքստում միայն արցախցիների բնակարանային ապահովության խնդիրը վեր հանելը կբերի սոցիալական անհավասարության»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա՝ միաժամանակ հարցադրում անելով, թե ո՞վ պետք է լուծի երկու տարի ԼՂ-ի համար ծառայած ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողների բնակարանային խնդիրը։
Քաղաքագետը նաև նշեց, որ ԼՂ-ից եկած մեր հայրենակիցները չեն ուզում ընդունել ՀՀ քաղաքացիություն, չեն ուզում ՀՀ ԶՈՒ իրենց որդիներին ծառայության ուղարկել, ապաստան են փնտրում ՀՀ-ից դուրս կամ գոնե ունեն նման փափագներ. «Իսկ ո՞վ ասաց, որ ՀՀ քաղաքացիները պետք է առավոտից երեկո աշխատեն, հարկեր գեներացնեն Հայաստանի Հանրապետությունում, իսկ պետական բյուջեից ոչ ՀՀ քաղաքացիները ստանան արտոնություններ։ Իսկ ո՞վ ասաց, որ դա անժամկետ է։ Եթե այդպես է՝ ես պետք է հորդորեմ մեր հայրենակիցներին իրենք էլ իրենց սոցիալական խնդիրներով դուրս գան փողոց»։
Մկրտչյանի դիտարկմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկին պարտք չէ. «ՀՀ քաղաքացիներն իրենց կաշվից դուրս գալով տվել են ամեն ինչ՝ սկսած իրենց որդիների կյանքից, վերջացրած ԼՂ ուղարկված միլիարդները։ Սոցիալական խնդիրների սոուսի տակ տեղավորում են Մինսկի խմբի չլուծարման հարցը, ծղրտում են ԼՂ հարցի վերաբացման մասին։ Ո՞ւր էիք դուք, երբ ձեր կողմից ընտրված Սամվել Շահրամանյանը Եվլախում ԼՂ էր լուծարում։ Ձեզանից քանի՞սն է հաշիվ պահանջել, ձեզանից քանի՞սն է ձեր հերոսի՝ Ռոբերտ Քոչարյանի առաջ պահանջներ դրել։ Ձեզանից քանի՞սն է «Կոնգրես» հյուրանոցում Ռոբերտ Քոչարյանից ապաստան խնդրել, ձեզանից քանի՞սն է Երևանի կենտրոնում բիզնեսներ ունեցող Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի ու Արկադի Ղուկասյանի ընտանիքների առաջ պահանջներ դրել, թե՞ ձեզ թվում է ՀՀ քաղաքացիները հավերժ պարտք են ձեզ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
619 դիտում , 1 դիտում այսօր