Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնողներն ամաչում են նույնականացվել նրա հետ, հեռու են մնում. Հարությունյան

Գյումրիում իրենց ընդդիմադիր հռչակածները Վարդան Ղուկասյանին քաղաքապետ են դարձնելու, սակայն ամեն գնով հեռու են մնում Ղուկասյանի անվան կողքին նաև իրենցը տեսնելու իրականությունից:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը՝ շարունակելով.

«Այն, որ այս ուժերի դեմքերը, որոնք կարողացան վստահության քվե ստանալ գյումրեցուց և դավաճանել նույն գյումրեցուն, ամաչում են նույնականացվել Վարդան Ղուկասյանի հետ, շատ բանի մասին է խոսում:

Սա, թերևս, ցուցիչ պետք է լինի առաջին հերթին հենց Վարդան Ղուկասյանի համար: Նա է, որ պետք է հասկանա՝ ինչու են իրեն սատարելու պատրաստ անձինք խուսափում իր հետ նույն շարքում լինելու մտքից, ինչու չեն կիսելու իր քայլերի պատասխանատվությունն ու ինչպես են իրարից հեռու մնալով կարողանալու մոտ լինել միմյանց այնքան, որ միասին աշխատեն, ավելին՝ քաղաք ղեկավարեն:

Թե ինչու են համախոհները փախչում իրենից, Վարդան Ղուկասյանը կամ գիտի, կամ գոնե կփորձի ճշտել իր նկատմամբ առկա յուրաքանչյուրի՝ այդքան ակնհայտ բացասական վերաբերմունքի պատճառը»:

Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ էր դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու՝ հնարավոր չէր լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:

Արդյունքների ամփոփումից հետո «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ պատրաստ է իր ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին՝ Վարդան Ղուկասյանին:

«Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն էլ իր հերթին է հայտարարել, որ պատրաստ է ավագանու կազմով քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։

Այս հայտարարություններից օրեր անց նաև Մարտուն Գրիգորյանն էր պաշտոնապես հայտնել, որ որոշում է կայացրել՝ անհրաժեշտ քանակությամբ քվե կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ