«2024թ-ին հաշվառման մեջ է եղել մուրացկանությամբ զբաղվող 47 չափահաս անձ, 5 անչափահաս, թափառաշրջիկությամբ զբաղվող՝ 1 չափահաս, 3 անչափահաս, 2023թ-ին՝ մուրացկանությամբ զբաղվող՝ 77 անձ, 4 անչափահաս, չափահաս և անչափահաս թափառաշրջիկ՝ մեկական»,- Zarkerak.am-ին այս մասին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից:
Պարզաբանեցին, որ ըստ կառավարության համապատասխան որոշման, ՆԳՆ ոստիկանության հաշվառման տիրույթում են թափառաշրջիկությամբ և մուրացկանությամբ զբաղվող անձինք.«Թափառաշրջիկությամբ զբաղվող անձը համարյա թե նույնանում է մուրացկանի հետ, դրա համար չափահասների դեպքում թվերն ահռելի տարբեր են, թափառաշրջիկը ենթադրվում է, որ բնակության վայր չունի, բայց մուրացկանությամբ էլ չի զբաղվում, որը շատ հազվադեպ է լինում»:
Նաև նշեցին, որ հաշվառումը կատարվում է ընդհանուր՝ առանց մարզ/մայրաքաղաք տարանջատման, տարիքային խմբերի, սեռային պատկանելության:
Հայտնաբերել, հաշվառել, կառավարել ռիսկերը
ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս անձանց հայտնաբերելու և հաշվառելու համար պարբերաբար ՀՀ տարածքում իրականացվում են միջոցառումներ.«Մեր գործառույթը սոցիալական խնդիրներ լուծելը չէ, այլ՝ հայտնաբերելը և ռիսկերը կառավարելը, եթե օրինակ կան թրաֆիքինգի, աշխատանքային շահագործման հավանականություն»:
«Թրաֆիքիգի հետ կապված ցուցանիշները անցած տարիներին մեծ չեն եղել. անչափահասների հետ կապված 2024-ին եղել է 2 դեպք, չափահասների հետ կապված 2023-ին՝ մեկ դեպք, նախաձեռնվել են քրեական վարույթներ»:
Խոսելով անչափահասների շրջանում մուրացկանությամբ զբաղվելու մասին, ՆԳՆ պաշտոնյան նշեց, որ մայրաքաղաքում մուրացիկ անչափահասներն ավելի շատ են, մինչդեռ մարզերում առավել տարածված է աշխատանքային շահագործումը և պարտադիր կրթությունից դուրս մնալու հետևանքով փողոցում հայտնվելը.«Մեր առաջին նպատակն է անչափահասներին շահագործումից կամ հանցագործության այլ տեսակներից պաշտպանելը: Հաշվառման ենք վերցնում միայն թափառաշրջիկ կամ մուրացիկ երեխաներին: Եթե իր գործողությունները այդ շրջանակից դուրս են, իրավունք չունենք հաշվառելու այդ անձին» :
Պետրոսյանը բացատրեց.«Օրինակ անչափահասը մուրացկանություն չի անում, բայց վաճառում է ծաղիկ, փուչիկ, այստեղ չի համարվում մուրացկանություն, բայց արդեն դիտարկում ենք, որ կա հավանակություն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված լինելու՝ հնարավոր է պարտադիր կրթությունից դուրս մնալու: Մենք հայտնաբերում ենք և մեզանից խնդիրը ճյուղավորվում է՝ ըստ խնդիրների և կարգավիճակի՝ ԱՍՀՆ, ԿԳՄՍ, ՏԻՄ, տեսչական մարմին:
Եղել են դեպքեր, երբ 16 տարեկան անչափահասը մեծերի դրդմամբ զբաղվել է շրջածախ առևտրով, այստեղ արդեն գործ ունենք իրավախախտման հետ, նման օրինակներ ունենք՝ 2-3 քրեական վարույթներ նախաձեռնել են»:
Ասաց՝ կան դեպքեր, երբ ծնողներն են անչափահասին ստիպում զբաղվել մուրացկանությամբ.«Եթե հանկարծ հիմնավորվեց, որ դա կազմակերպվում է ծնողների կողմից, նրանց հետ էլ ենք աշխատանք տանում: Ի սկզբանե հարկադրանք չենք ուզում կիրառել, համատեղ փորձում ենք հասկանալ խնդիրները, ոչ թե տուգանել, բայց եթե չարամտորեն ամեն ինչ անում են, որ երեխան հայտնվի դրսում, այդ դեպքում կա վարչական պատասխանատվություն՝ 50 հազար դրամ: 1-2 անգամ եղավ կրկնվելու դեպքում՝ միջնորդում ենք ՏԻՄ-ին՝ դատական կարգով սահմանափակել ծնողական իրավունքները կամ զրկել իրավունքներից: Եղել են և՛ վարչական պատասխանատվության դեպքեր, և՛ հարուցած քրեական վարույթներ, նման դեպք ունեցել ենք 2023-ին»:
Պաշտոնյանի դիտարկմամբ, հեշտ գումար վաստակելը կարող է կենսաձև դառնալ ոչ միայն չափահասների, այլ անչափահասների համար, ըստ նրա, մեծերի դեպքում դա արդեն ընտրություն է, իսկ անչահասների դեպքում «փրկելու» շանսերը մեծ են՝ ամենակարևորը կրթական պրոցեսի մեջ ներառելն է ու այդ հարցում հետևողական լինելը:
«Չափահաս մուրացիկների և թափառաշրջիկների դեպքում 5 տարի առաջվա հետ համեմատած իրավիճակը գրեթե նույնն է: Սա արդեն շատերի համար դարձել է սովորություն, որովհետև փողոցում գումարը շատ է: Մուրացիկները ավելի շատ են Երևանում, բայց նույն մարդկանց կարելի է հանդիպել նաև մարզերում՝ տուրիստական տարբեր վայրերում»,- հայտնեց Էդգար Պետրոսյանը:
Ըստ նրա՝ չափահասներին հայտնաբերելու դեպքում հիմնական հասցեատերը ԱՍՀՆ-ն է, որն էլ ըստ կարիքների որոշում է հետագա գործողությունները, հիմնականում տեղափոխվում են անօթևանների համար նախատեսված հաստատություններ, խնամքի տներ:
Ի՞նչ է լինում հաշվառումից հետո
«Կենտրոնը երկար տարիներ մասնակցում է պետական ծրագրի մրցույթին և դառնում է միակ հաղթողը, ծրագրի շրջանակում կենտրոնի շահառուների թիվը 100 է, բայց եթե Երևանում շրջենք առնվազն 150-200 հոգու անօթևան կգտնենք: Սակայն վերջին տարիներին կարծում եմ թիվը նվազել է», — Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանը: Կենտրոնը ՀՀ-ում միակն է, որտեղ 18 տարեկանից բարձր անօթևանները կարող են բնակվել 3 ամսով:
Կենտրոնի տնօրենի խոսքով՝ մի անգամ չէ, որ բարձրաձայնել է ամբողջ ՀՀ-ի համար միայն մեկ կենտրոնը շատ քիչ է, ու շատ ավելի ցանկալի է, որ նաև մայրաքաղաքում չսահմանափակվի մեկով՝ լինեն կենտրոներ շահառուների ավելի փոքր թվի՝ օրինակ մինչև 60 հոգու համար.«Նման կենտրոններ պետք է լինեն նաև մարզերում, տեղեկացված եմ, որ կա նպատակ անօթևանների կենտրոն հիմնել Սյունիքի մարզում՝ մոտ 20 շահառուի համար: Երևանը անօթևանների կենտրոն չէ, որ մարզերից բոլորը գան այստեղ: Հիմա մոտ 60 տոկոսը մարզերից են»:
ՆԳՆ-ից հետո ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայություն երկրորդ օղակն է, որ անում է կարիքների գնահատում, որի մեջ մտնում են նաև բժշկական ստուգումները. տուբերկուլյոզ, հոգեկան առողջության խնդիրներ, ՁԻԱՀ-ով, մաշկային տարատեսակ վարակներ ունեցողները չեն կարող բնակվել այստեղ:
Խաչատրյանը բացատրեց, որ կենտրոն տեղափոխվելու համար հաշվի է առնում ոչ թե թափառաշրջիկի կամ մուրացիկի կարգավիճակը, այլ պարտադիր անօթևան լինելը, սեփականություն չունենալը.«Կան մուրացիկներ, թափառաշրջիկներ, որոնք ունեն տուն, ուղղակի սովորություն է փողոցում լինելը, գումար հավաքելը, պետք է այս կատեգորիաները տարանջատել: Ունենք բնակիչներ, որ կյանքի դժվարին պայմաններից ելնելով անօթևան են, բայց նորմալ մարդիկ են, բարձրագույն կրթությամբ»
ՆԳՆ-ից հետո ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայություն երկրորդ օղակն է, որ անում է կարիքների գնահատում, որի մեջ մտնում են նաև բժշկական ստուգումները. տուբերկուլյոզ, հոգեկան առողջության խնդիրներ, ՁԻԱՀ-ով, մաշկային տարատեսակ վարակներ ունեցողները չեն կարող բնակվել այստեղ:
ԱՍՀՆ-ից Zarkerak.am-ին հայտնեցին, որ առանձին վիճակագրություն չեն վարում անօթևանների հետ կապված:
Խաչատրյանը բացատրեց, որ կենտրոն տեղափոխվելու համար հաշվի է առնում ոչ թե թափառաշրջիկի կամ մուրացիկի կարգավիճակը, այլ պարտադիր անօթևան լինելը, սեփականություն չունենալը.«Կան մուրացիկներ, թափառաշրջիկներ, որոնք ունեն տուն, ուղղակի սովորություն է փողոցում լինելը, գումար հավաքելը, պետք է այս կատեգորիաները տարանջատել: Ունենք բնակիչներ, որ կյանքի դժվարին պայմաններից ելնելով անօթևան են, բայց նորմալ մարդիկ են, բարձրագույն կրթությամբ»:
Տնօրենը պատմեց, որ կենտրոնում ապրում են նաև անօթևան մուրացիկներ, ու լինում են դեպքեր, երբ գործ ունենք թրաֆիքինգի հետ.«Այդ կնոջը եղբայրն էր ստիպում մուրացկանությամբ զբաղվել, օրական աշխատում էր 30, 40 , մինչև 70 հազար դրամ, եղբայրը բերում նստացնում էր, հետո հետ էր տանում, քրեական գործ էլ կա հարուցված՝ մուրացկանությմաբ ահռելի գումարներ էին հավաքել, մոտ 70 հազար դոլար իրավապահները եղբոր տնից հանել էին»:
«Կենտրոնում հիմնականում 50 տոկոսը կանայք են, 50 տոկոսը տղամարդիկ: Մոտ 10 տոկոսը՝ մինչև 50 տարեկան են: Արցախիցներ շատ քիչ ունենք, քանի որ եթե գտնվում են պետության հոգածության ներքո, թոշակից բացի ուրիշ ոչ մի պետական աջակցությունից չեն կարող օգտվել, այդ նախապայմանով չեն ցանկանում մնալ»,- բացատրեց Խաչատրյանը:
Երբ շահառուն հայտվում է կենտրոնում, փորձում են ոչ թե ինքնանպատակ պահել 3 ամիս ու հետո ուղարկել հին կյանքին, այլ պայմաններ ստեղծել կենասակերպը փոխելու համար.«Գերխնդիր է հաշտեցնել ընտանիքի հետ, քանի որ փողոցում հայտնվածների մեծ մասն ունեն ընտանիք, մոտ 10-20 տոկոսի դեպքում ստացվում է հաշտեցնել: Եթե չի հաջողվում, անցնում ենք հաջորդ քայլին, եթե երիտասարդ է կամ մինչև 63 տարեկան փորձում ենք աշխատանք գտնել, կամ որևէ մասնագիտություն սովորեցնել: Երիտասարդների հետ առավել հեշտ է աշխատել», — ասաց մեր զրուցակիցը:
Շավարշ Խաչատրյանի խոսքով, անհրաժեշտության դեպքում կենտրոնն աջակցում է նաև ստանալ հաշմադանմության կարգ, ուղղորդում բժշկական հետազոտությունների, որոնք կենտրոնի շահառու լինելու դեպքում արվում են անվճար, օգնում են հետագայում բնակվել պետական համապատասխան խնամքի տներում՝ թե երիտասարդներին(հաշմանդամության դեպքում), թե տարեցներին, լուծում են թոշակի հարցը.«Շահառուների մինչև 30 տոկոսին ուղղորդում ենք խնամքի տներ, մոտ 20 տոկոսին տեղավորում ենք աշխատանքի, անցնում են ինքնուրույն կյանքի»:
«Լինում են դեպքեր, երբ նախատեսված 3 ամսից ավել է պահվում շահառուն: Ենթադրենք անձը 63 տարեկան է, բայց ծերության հիմքով խնամքի հաստատություններում հնարավոր է բնակվել 65-ից սկսած, մարդուն փողոցու՞մ թողնենք: Նման դեպքերում ստիպված բնակության ժամկետը 2-3 անգամ երկարացնում ենք»:
Շավարշ Խաչատրյանը մտահոգվեց, որ քիչ չեն դեպքերը երբ շահառուները վերադառնում են փողոցի հին կյանքին, այդ կյանքից էլ՝ կրկին կենտրոն.«Մուրացիկների մոտ այն դեպքն է, որ «կարմիր կովը կաշին չի փոխում», ինչքան էլ ուզում ես փոխես, էլի գնում հավաքվում են իրենց հին խմբերում, հիմա ամենաշատը մարդիկ Երևանում հավաքվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հետևի մասում, Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում, դրա դիմացի ձորի մեջ, ժամանակին շատ էին հավաքվում «քրչի բազարի» տարածքում: Լինում են դեպքեր էլ, որ տեղավորում ենք խնամքի տանը, բայց այնտեղ թոշակից մոտ 70 տոկոս պահում է արվում, ու մարդը որոշում է չմնալ, դուրս է գալիս, էլի հայտնվում է մեզ մոտ»: