Այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ համաձայնեցվել են խաղաղության պայմանագրի բոլոր դրույթները, և Հայաստանը պատրաստ է այն ստորագրել, Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվություն է տարածում՝ իբր Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը և կրակոցներ արձակում Ադրբեջանի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարությունն, իհարկե, հերքում է այս հայտարարությունները, սակայն մասնագետների կարծիքով՝ դրանք ունեն քաղաքական նպատակներ, քանի որ Բաքուն անակնկալի է եկել, որ Հայաստանը համաձայնել է պայմանագրի երկու խնդրահարույց կետերին։
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովի խոսքով՝ Բաքվի ապատեղեկատվությունները կարող են մի քանի նպատակ ունենալ: «Գուցե իրենք պատրաստում են հող ռազմական գործողությունների համար կամ հնարավոր է այսկերպ, առաջիկայում նաև զորաշարժերով պարզապես փորձեն ճնշում գործադրել Հայաստանի վրա»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Հարությունովի դիտարկմամբ՝ դժվար է կանխատեսել՝ Բաքուն կգնա՞ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների, թե՞ պարզապես լոկալ սադրանքների, որոնց նպատակը Հայաստանի վրա ճնշում գործադրելը կլինի։
Մեր զրուցակիցը համարում է, որ խաղաղության պայմանագրի դրույթների համաձայնեցումը չի նշանակում, թե այն կստորագրվի. «Կա առնվազն երկու նախապայման, որոնք Բաքուն փորձում է ստիպել Հայաստանին կատարել։ Դրանցից առնվազն մեկը տեխնիկապես դժվար կատարել՝ խոսքը սահմանադրական փոփոխությունների մասին է։ Այսինքն՝ այն, որ պայմանագիրը համաձայնեցված է, դեռ չի նշանակում, որ այն կստորագրվի»։
Դավիթ Հարությունովը հիշեցնում է, որ ոչ բոլոր խնդրահարույց կետերը տեղ ունեն խաղաղության պայմանագրում, և դրանցից ամենաէականը կոմունիկացիաների հարցն է. «Սա ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանի համար, ուստի Բաքուն փորձում է առավելագույնը ստանալ։ Պայմանագիրը չի ներառում բոլոր կոնֆլիկտային հարցերը, որոնք կան կողմերի միջև։ Ես կարծում եմ, որ պայմանագիրը կարող է ժամանակավորապես լիցքաթափել իրավիճակը, բայց ընդհանուր առմամբ շատ կարևոր խնդիրներ բաց են մնում»։
Փորձագետը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է նոր նախապայմաններ առաջ քաշել. «Իրենք միշտ պահուստային տարբերակներ ունեն։ Օրինակ՝ նույն ապառազմականացման խնդիրը, կամ որ Հայաստանը հրաժարվի զենք գնելուց։ Թվում է՝ այս հարցերն այժմ չեն քննարկվում, բայց Ադրբեջանը դրանք կարող է առաջին պլան բերել ռազմական ճնշման ներքո։ Այսինքն՝ կան խնդիրներ, որոնք Ադրբեջանը պահպանում է՝ անկախ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտից»։
Դավիթ Հարությունովը նաև չի բացառում, որ Բաքվի գործողությունները կարող են պայմանավորված լինել Իրանի շուրջ ծավալվող գործողություններով. «Փորձը ցույց է տվել, որ իրենք սովորաբար իրենց գործողությունները կապում են հարակից իրադարձություններով՝ ուշադրությունից շեղելու համար։ Ինչպես գիտենք՝ Հայաստանի գործընկերներից միայն Իրանն է, որ միանշանակ դիրքորոշում ունի սահմանների և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Այս պայմաններում հավանականությունը, որ Ադրբեջանը կօգտվի Իրանի թուլությունից այդ երկրի վրա ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածից հետո, բավականին մեծ է։ Փաստեր չկան, բայց չի բացառվում, որ Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը հենց նախապատրաստություն է, և այդ տեղեկատվական սադրանքների գագաթնակետը կարող է լինել հենց Իրանի դեմ հարվածը»։
Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ Արցախի վրա 2020 թվականի հարձակմանը նախորդել են նմանատիպ ապատեղեկատվությունները, և չի բացառվում, որ հիմա էլ այդպես լինի. «Իրանին հարվածելուց հետո թե՛ Իրանի և թե՛ միջազգային հանրության ուշադրությունը շեղված կլինի, որովհետև ԵՄ-ի, այդ թվում՝ Ֆրանսիայի համար Իրանն ավելի կարևոր է։ Կա նաև ավելի մռայլ սցենար՝ մենք առայժմ չգիտենք, թե Իրանի վրա հարձակումներն ինչ հետևանք կունենան, որովհետև, ցավոք սրտի, կա սցենար, որ Իրանի ներսում այդ պարագայում կլինի անկայունություն։ Եթե այդ կանխատեսումն իրականություն դառնա՝ հասկանալի է, որ Ադրբեջանի ձեռքերը Հայաստանի նկատմամբ ավելի ազատ կլինեն։ Հուսանք, որ այս տարբերակն իրականություն չի դառնա, բայց բացառել չի կարելի»,- եզրափակեց նա։