Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բրազիլի պատվիրակության ղեկավար Կլաուդիո Կաժադու Սամպայոյի հետ:
Արսեն Թորոսյանը վերահաստատել է Լատինական Ամերիկայի երկրների հետ կապերն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը՝ ընդգծելով տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված ներուժը:
Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջեւ փոխգործակցությունը խորացնելու հարցում: Այդ առումով անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Բրազիլի խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջեւ համագործակցությանը եւ ընդգծվել փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:
Արսեն Թորոսյանը շեշտել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության կարեւորությունը:
Նա ողջունել է Բրազիլի դերն այդ ջանքերում եւ կարեւորել Հայաստանի մասնակցությունը Բելեմում կայանալիք COP30-ին, ինչպես նաեւ հրավիրել գործընկերներին մասնակցելու 2026 թվականին Երեւանում կայանալիք COP17-ին:
Արսեն Թորոսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամությունը: