Իրանի դեմ պատերազմը կգրգռի ադրբեջանական նկրտումները, Հայաստանը պետք է զգոն և պատրաստ լինի. Քեշիշյան

Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի կարծիքով՝ ԱՄՆ-ից եկող սպառնալիքներն ավելի շատ հռետորաբանության մակարդակով են, Իրանից հնչող հայտարարությունները՝ ևս։ «Դրանք ավելի շատ արվում են բանակցությունների սեղանին հնարավորինս շատ բան կորզելու համար»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

Քեշիշյանի դիտարկմամբ՝ սպառնալիքները հնչում են Թեհրանին հրահրելու, սեղանի շուրջ նստեցնելու համար. «Բայց եթե այս տարբերակով հայտարարությունները շարունակվեն՝ գուցե Իրանին այլ տարբերակ չի մնա, քան միջուկային զենքի գնալը»։

Ինչ վերաբերում է Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձություններին, մեր զրուցակիցն ասաց. «Եթե Իրանի դեմ պատերազմ ծավալվի, ադրբեջանական նկրտումները կարող են գրգռվել ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ, որովհետև Իրանի համար Իրան-Հայաստան սահմանը շատ կարևոր կետ է։ Իրենք տարբեր ձևերով հասկացնում են, որ «Զանգեզուրի միջանցքը» չի կարող կյանքի կոչվել։ Որևէ կերպ Իրանի՝ պատերազմի մեջ ներքաշվելը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար»:

Մովսես Քեշիշյանը համարում է, որ այսօր Ռուսաստանն էլ է ցանկանում «Զանգեզուրի միջանցք» բացել՝ իր վերահսկողության ներքո, դա ուզում է նաև Թուրքիան. «Այստեղ Իրանն այն երկիրն է, որ դեմ է, իր թուլացումը Ադրբեջանին առաջ շարժվելու առիթ կտա։ Ադրբեջանցիք այդ վտանգը միշտ կարող են ստեղծել, մենք պետք է պատրաստ ու զգոն լինենք, Իրանի հետ ավելի ամրապնդենք մեր հարաբերությունները՝ նման վտանգներից խուսափելու համար»։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստան-Իրան հարաբերությունները կարելի է էլ ավելի խորացնել. «Հայաստանի այսօրվա բազմավեկտոր քաղաքականությունն արդեն իսկ Ադրբեջանի համար զսպող հանգամանք է։ Իրանի հետ հարաբերությունների խորացումը էլ ավելի լավ ազդեցություն կարող է ունենալ»,- եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

146 դիտում , 2 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ