![]()
Գյումրու ավագանու ընտրության առաջին մասն ավարտվեց, սակայն ինչպես ասում են «կինոի» գլխավոր մասը դեռ առջևում է։ Ապրիլի 16-ին կայանալու է նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում քաղաքական ուժերը պետք է քաղաքապետ ընտրեն։ Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ շատ հստակ է, ընդդիմադիր չորս ուժերը պայմանավորվել են, որ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրեն։ Սակայն սա միայն առաջին հայացքից։ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնող հիմնական գործող անձը՝ Մարտուն Գրիգորյանը, հայտարարել է, որ ընդամենը կապահովի երկու ձայն, որպեսզի Ղուկասյանը դառնա քաղաքապետ, սակայն կոալիցիա չի կազմի նրա հետ և չի կիսի քաղաքի կառավարման պատասխանատվությունը։
«Անգլիացի գիտնականները» թերևս դեռ շատ կչարչարվեն, որպեսզի հասկանան, թե նման հայտարարություն անող գործիչներն ու ուժերը արդյոք քաղաքական գիտելիքով են առաջնորդվում, թե մսուր-մանկապարտեզային։
Իսկ եթե լուրջ, ապա Մարտուն Գրիգորյանն իրականում հասկացել է, որ աջակցելով Վարդան Ղուկասյանին «զգետնել է» սեփական անունն ու վարկանիշը։ Մարդ, որը մինչև ընտրության օրը հայտարարում էր, որ Ղուկասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործիքն է, որի միջոցով իշխող ուժը փորձելու է Գյումիրում իշխանություն վերցնել, այսօր ինքն է՝ իր խոսքով ասած, «ՔՊ-ի մարդուն» դարձնում քաղաքապետ։ Ստացվում է, որ Մարտուն Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «մարդու մարդն է», կամ ՔՊ-ի գործակալի գործակալն է։
Սա հասկանալով Մարտուն Գրիգորյանը փորձում է ձեռքերը լվանալ և գյումրեցիներին ու հատկապես իր ընտրողներին ցույց տալ թե իբր ինքը կապ չի ունենալու Վարդան Ղուկասյանի մեղքերի հետ և չի կիսելու պատասխանատվությունը։ Սակայն ինչպես ասում են գնացքն արդեն վաղուց գնացել է։ Գործում է շախմատի դասական օրենքը՝ ձեռք ես տվել, պետք է խաղաս։
ՉԻ կարելի լինել միաժամանակ կուսյ և կին։ Կամ պետք է կիսես պատասխանատվությունը, կամ պետք է ուղղակի տեր լինես խոսքիդ ու մինչև վերջ հավատարիմն մնաս սեփական սկբունքներիդ։
Իսկ, եթե այդուամենայնիվ Մարտուն Գրիգորյանը չի կիսելու Վարդան Ղուկասյանի կառավարման պատասխանատվությունը, ապա ստացվում է, որ Գյումրու կառավարման համակարգում լինելու է ճգնաժամ։ Ղուկասյանը չի կարողանալու իր նախագծերը լիարժեք իրագործել, եթե չի ունենալու ավագանիների ձայների մեծամասնությունը և ամեն անգամ Գյումրին կանգնելու է նոր ցնցումների առաջ։
Հետևաբար ստացվում է, որ ընդդիամդիր ուժերի իրական նպատակը ոչ թե Գյումրու արդյունավետ կառավարումն է ու խնդիրների լուծումը, այլ ընդամենը չուզողությունը՝ «ՔՊ-ն չլինի իշխանության, իսկ թե հետո ինչ կլինի՝ արդեն մեր գործը չէ»։
Փաստացի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի խամաճիկները հերթական անգամ Գյումրին դարձնում են իրենց համար քաղաքական խախալիք, ինչպես դա արել են երկու տասնամյակից ավելի։
![]()