![]()
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը կարծում է՝ Վարդան Ղուկասյանին Գյումրու քաղաքապետ դարձնելու միտքը սկսել է լրջորեն մտահոգել որպես ընդդիմադիր ՏԻՄ ընտրություններին մասնակցած և Ղուկասյանի թևերի տակ ծվարելու քայլին գնացած ուժ-դաշինքներին:
«Քանի ապրիլի 16-ը մոտենում է և իրենց արածի իրական պատասխանատվությունը ստանձնելու պահն է հասնում, վերջիններիս կողմից արվող ցայտնոտային հայտարարությունները դառնում են առավել անպատասխանատու և անտրամաբանական:
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի կազմից «Միացյալ Հայաստան»-ի նախագահը, ով ի դեպ, չգիտեմ էլ Գյումրիում երբեւէ գիշերած կա՞, ավելին՝ իր խոսքով, չի էլ ճանաչում Վարդան Ղուկասյանին, ընդհանրապես, համարձակվում է հայտարարել, որ իրենք Ղուկասյանին կդարձնեն քաղաքապետ, բայց հետագա պատասխանատվությունը պետք է կրի «Քաղաքացիական պայմանագիր»-ը:
Այլ ասելիք կամ մեկնաբանություն այս մարդը չունի, քանի որ շատ լավ է գիտակցում իրենց արածի վտանգավորության աստիճանը։ Այն բոլորը ուժերը, որոնք հայտարարել են իրենց վստահության քվեն ժողովրդից գողանալու և Վարդան Ղուկասյանին նվիրելու մասին, առանց բացառության, փախչում են հետագա պատասխանատվությունից: Այս անգամ, սակայն, դա հայտարարում են սեփական դեմքերով, հենց իրենց անունից:
Այսինքն եղավ այն, ինչի մասին մենք նախապես էինք զգուշացնում: Գյումրեցին մնալու է մենակ՝ քաղաքի կառավարման ճգնաժամի, դրա հետևանքների և այլ վտանգավոր իրավիճակների դեմ հանդիման: Ուժերը, որոնք պատրաստ են Վարդան Ղուկասյանին ապահովել բավարար ձայներով, որպեսզի դարձնեն նրան քաղաքապետ, միաժամանակ ամաչում և բացառում են նրա հետ կոալիցիա կազմելը: Այսինքն՝ ռեալ գիտակցում են վտանգներն ու խնդիրները, որոնցում հայտնվելու են և՛ որպես անձ, և՛ որպես ուժ:
Շատ լավ հասկանալով իրենց անհեռատես քայլերի հետևանքները, ընդդիմության կազմից մարդիկ կան, որոնք գուցե անկեղծ, սակայն վստահություն ունեն, որ ավագանին լինելու է անկախ՝ հաշվի չառնելով մեկ կարևոր հանգամանք, որ որևէ ուժ մեծամասնություն չէ, ինչը հանգեցնելու է լուրջ ճգնաժամի: Սա, թերևս գալիս է նման հայտարարություններ անողների՝ քաղաքականությունից, ավագանու ինստիտուտից հեռու լինելու և այս հարցում բավարար գիտելիքներ չունենալու բացից:
Պատասխանատվությունից խուսափում են նաև՝ «մենք չենք միանում, մենք միայն քվեարկում ենք Վարդան Ղուկասյանի օգտին» ասողները: Այսինքն, գալու են քվեարկեն և հետևեն, թե ինչպես է Գյումրին մեծ քայլերով գլորվում անդունդը՝ առաջ քայլելու փոխարեն:
Իսկ պնդումները, թե ելք չկար, սուտ են և նպատակ ունեն գյումրեցիներին մոլորության մեջ գցել: Ելք միշտ է եղել, հիմա էլ կա և դա միակն է. պետք է գիտակցաբար գնալ նոր ընտրությունների՝ հանուն Գյումրու փրկության»,- գրել է նա:
![]()