Գյումրու քաղաքապետի թնջուկը հանգուցալուծվեց։ Մեկշաբաթյա անորշությունը այսպես ասած պարզաջրեց Սերժ Սարգսյանի թիմակից Մարտուն Գրիգորյանը։ Նա հայտարարեց, որ բավարար թվով ձայն կապահովի, որպեսզի քաղաքապետ դառնա ընդդիմադիր մեկ այլ թեկնածու՝ Վարդան Ղուկասյանը, որը Ռուբերտ Քոչարյանի գաղափարակիցն է։
Ինչպես և սպասվում էր՝ ընդդիմությունը, հատկապես Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների համախոհները, ցնցության մեջ են։ Այդ ցնցության գինը Մարտուն Գրիգորյանը վճարեց, վճարեց իր բարոյականությունն ու պատիվը կասկածի տակ դնելով։
Մարտուն Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի ջրերը երբեք մի առվով չեն հոսել։ Ավելին, այս երկու օդիոզ դեմքերի հարաբերությունները ոչ թե առուներն են բաժանել, այլ արյունը։
Նույնիսկ քարոզարշավի ընթացքում, այս երկու գործիչները չէին թաքցնում միմյանց հանդեպ թշանանքն ու ատելությունը։ Միմյանց մեղադրում էին իշխանության գործիքը լինելու համար և բացառում էին միմյանց հետ ցանկացած գործակցութուն։
Սակայն ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք։ Քաղաքական պրոդյուսերները Մարտուն Գրիգորյանի համար այլ սցենար էին գրել։ Մարտուն Գրիգորյանի ոխերիմ թշնամի Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետի պաշտոնը ստանալու է հենց Մարտուն Գրիգորյանի օգնությամբ։ Մարտուն Գրիգորյանը աջակցելով Վարդան Ղուկասյանին փաստացի ստանձնում է նաև Վարդան Ղուկասյանի «մեղքերի» պատասխանատվությունը։
Ժողովրդավարության կարևոր ցուցիչներից նաև այն է, երբ այս կամ այն ընտրության ժամանակ հաղթում են գործող իշխանությունների ընդդիամդիր ուժերը։ Սա ցույց է տալիս, որ իշխանությունները չեն միջամտում քաղաքացիների ընտրությանը, և մարդիկ իրենք են որոշում ում ընտրեն։ Սակայն Գյումրու ընտրությունների պարագան այլ է։ Վարդան Ղուկասյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարումների օրոք ձևավորված քրեաօլիգարխիկ համակարգի մարմնացումն է, այդ համակարգի հավաքական կերպարը։
Հենց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունների օրոք է Հայաստանում ձևավորվել և հիմնավորվել քրեաօլիգարխիկ համակարգը, որը պետություն էր պետության մեջ, որտեղ Քաղաքացին այդ համակարգը պահելու և վերատադրելու գործիք էր, որտեղ «օրենքը» բռնությունն էր և ֆիզիկական հաշվեհարդարը։
Պատահական չէ նաև, որ Վարդան Ղուկասյանի «հաղթանակը» ցնցությամբ են ընդունել նաև այսպես կոչված սրբազանները։ Որոնք որևէ դատապարտող բառ չեն ասել Ղուկասյանի հասցեին, երբ վերջինը հանդես էր գալիս հակապետական, սեքսիստական և հակամարդկային հայտարարություններով։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին եկեղեցին քրեաօլիգարխիկ համակարգի հենասյուններից մեկն էր դարձել։
Վարդան Ղուկասյանը դառնալու է գործիք՝ նախկին քրեաօլիգարխիկ համակարգի և հակապետական ուժերի ձեռքում։ Այդ ուժերը օգտագործելու են Ղուկասյանին Հայաստանի դեմ հարվածներն ավելի ազդեցիկ դարձնելու համար։