Իրանագետ, «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» հիմնադիր Փույա Հոսսեինին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն իրատեսական չեն, սպառնալիքի մակարդակով են։ Civic.am-ի հետ զրույցում Հոսսեինին նշեց, որ Թրամփը նպատակ ունի սպառնալիքների միջոցով հասնել Իրանի համաձայնությանը: «Իրանը, սակայն, նշել է, որ ռազմական ու տնտեսական ճնշման տակ ուղիղ չի բանակցելու։ Մենք տեսել ենք, թե ինչպես տեղի ունեցան Զելենսկի-Թրամփ բանակցությունները, և նման տարբերակով բանակցություններ Իրանը չի վարի»,- ասաց Հոսսեինին՝ հավելելով, որ Թեհրանը պատրաստ է Օմանի միջնորդությամբ բանակցությունների։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ասաց, որ Հայաստանը բավականին բարդ իրավիճակում կհայտնվի, եթե պատերազմ սկսվի. «Եթե Իրանն ինչ-որ փուլում թուլանա, խնդիրների մեջ հայտնվի՝ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են իրավիճակից օգտվել և ինչ-որ հարձակում կատարել, «Զանգեզուրի միջանցք» ստանալ։ Էրդողանը բազմիցս ասել է, որ Իրանի գործոնն է, որ խանգարում է «Զանգեզուրի միջանցքն» իրականություն դարձնել… եթե Իրանի զսպող ուժը տարածաշրջանում վերանա կամ թուլանա՝ Հայաստանին վտանգ կսպառնա»։
Փույա Հոսսեինին հիշատակեց նաև այն հանգամանքը, որ Իսրայելը տարիներ շարունակ զինում է Ադրբեջանին, և այդ զենքերը միայն Հայաստանի դեմ չեն ուղղված. «Դա նաև Իրանի դեմ կարող է օգտագործվել։ Պատերազմի ժամանակ կարող է փորձեն Անդրկովկասից երկրորդ ճակատ բացել»:
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ Իրանում կա բարձր գիտակցություն, թե ինչ վտանգներ կարող է այդ երկրին սպառնալ Ադրբեջանից. «Մենք նման վտանգ տեսնում ենք։ Իրանը պատրաստ է նման սցենարին պատասխան տալ»։
Ամփոփելով զրույցը՝ Հոսսեինին ասաց, որ Հայաստանը կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի Իրանի համար, երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում, սակայն առայժմ ողջ ներուժը չի օգտագործվում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
262 դիտում , 1 դիտում այսօր