Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը սոցցանցի իր էջում մի քանի նկատառում է առանձնացրել հետընտրական Գյումրիից:
Դալլաքյանը գրում է.
«Մի քանի նկատառում Գյումրիից
Փաստորեն Սերժ Սարգսյանը չդիմացավ ճնշումներին Քոչարյանի թիմի կողմից և որոշեց միանալ Ղուկասյանի թեկնածությանը։ Իհարկե բոլորն էլ հասկանում են`ով էր որոշում Մարտուն Գրիգորյանի փոխարեն և դրա ապացույցը առաջին օրերին Մամիջանյանի գրառումն էր տեսությունների մասին, որտեղ նշվում է Մարտուն Գրիգորյանի անունը։ Իմ նշած սցենարներից մեկը այս միացումն էր` իհարկե փաստելով, որ դա կվարկաբեկի Սերժ Սարգսյանի «բարձր» հեղինակությունը` Ղուկասյանի իրեն ուղղված մեղադրանքներից հետո։
Իսկ եթե հավատանք իբր Սերժ Սարգսյանը կապ չունի, գոնե պիտի գնահատական տա Գրիգորյանի որոշմանը` միանալ Սարգսյանին ծանր մեղադրանք առաջադրողին։
Գուցե Սարգսյանը տվյալներ ունի, որ Ղուկասյանը խոցելի է և ձայն տալով մի կողմից իրենից հեռվացնում է պառակտողի մեղադրանքը, մյուս կողմից կասկածում է, որ Ղուկասյանը կկառավարի։ Համենայնդեպս առաջիկա զարգացումները կախված են Ղուկասյանի լոյալությունից Փաշինյանին և իշխանության հետագա քայլերից։ Ինչպես նշել էի` խաղը նոր է սկսում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտուն Գրիգորյանը պաշտոնապես հայտարարել է, որ որոշում է կայացրել՝ անհրաժեշտ քանակությամբ քվե կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։
Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ էր դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չէր լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:
Արդյունքներ ամփոփումից հետո «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ պատրաստ է իր ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին՝ Վարդան Ղուկասյանին:
«Իմ հզոր համայնք»՝ կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն էլ իր հերթին է հայտարարել, որ պատրաստ է ավագանու կազմով քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։