Իրենք իշխանազավթում էին տենչում, և տերերի ցուցմամբ պատրաստ եղան Գյումրին դնել զոհասեղանին. Բաղդասարյան

ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մարտուն Գրիգորյանի որոշմանը, որով նա հայտարարել է, որ անհրաժեշտ քանակությամբ քվե կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։

«Ե՛վ Գյումրու, ե՛վ գյումրեցիների համար եք պատասխանատու։

Ու Աստված չանի՝ մեկի գլխից մազ ընկնի։ Ի դեպ, բոլոր այն պնդումները, թե այս որոշումից ի վեր քաղաքական պատասխանատվություն չեք կրելու, դատարկաբանություն են։

Իսկ եղավ այն, ինչի մասին ասում էինք։ Գյումրու ճակատագիրն այս մարդկանց ի բնե հետաքրքիր չի եղել։ Իրենք իշխանազավթում էին տենչում, և տերերի ցուցմամբ պատրաստ եղան Գյումրին դնել զոհասեղանին։

Իսկ այլընտրանք կար՝ գնալ նոր ընտրությունների։ Բայց չէ՞ որ մարդիկ հենց այսօր են անցնում ընտրակաշառքի գործերով։ Եվ բնական է, որ նոր ընտրությունների պարագայում հավաքած ձայների կեսն էլ չէին ունենա։

Եւ ուրեմն կեցցե՛ քաղաքական առուծախը, որը նոր երևույթ չէ։

Հարցն այն է՝ ծախողի՞, թե՞ ծախվողի դերում ես։

Ինչևէ, ոմանց թասիբի և արժանապատվության մասին պատկերացումներս ամբողջացան։

Սպասելի էր»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտուն Գրիգորյանը պաշտոնապես հայտարարել է, որ որոշում է կայացրել՝ անհրաժեշտ քանակությամբ քվե կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։

Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ էր դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չէր լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:

Արդյունքներ ամփոփումից հետո «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ պատրաստ է իր ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին՝ Վարդան Ղուկասյանին:

«Իմ հզոր համայնք»՝ կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն էլ իր հերթին է հայտարարել, որ պատրաստ է ավագանու կազմով քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ