Գյումրիում Սերժի և Քոչարյանի «դուստր» թեկնածուները վերահաստատեցին, որ «խաբեբա են և քցող». Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհանիսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մարտուն Գրիգորյանի որոշմանը, որով նա հայտարարել է, որ անհրաժեշտ քանակությամբ քվե կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։

«Գյումրիում Սերժի և Քոչարյանի «դուստր» թեկնածուներ Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը, և իհարկե, Մարտուն Գրիգորյանը վերահաստատեցին, որ «խաբեբա են և քցող»՝ հաստատելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պնդումը առ այն, որ այս մարդիկ փորձում են խաբեությամբ քվեներ գողանալ:

Թասիբով գյումրեցին պետք է գնահատական տա քրեական գործերը շալակած Վարդանիկին խաբեությամբ քաղաքապետ դարձնողներին:

Իսկ մենք տեր ենք մեզ տրված շուրջ 17.000 քվեների ու շարունակելու ենք աշխատել հանուն Գյումրու զարգացման, գյումրեցու բարեկեցության ու անվտանգության»,- գրել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտուն Գրիգորյանը պաշտոնապես հայտարարել է, որ որոշում է կայացրել՝ անհրաժեշտ քանակությամբ քվե կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։

Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ էր դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չէր լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:

Արդյունքներ ամփոփումից հետո «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ պատրաստ է իր ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին՝ Վարդան Ղուկասյանին:

«Իմ հզոր համայնք»՝ կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն էլ իր հերթին է հայտարարել, որ պատրաստ է ավագանու կազմով քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ