Գյումրիում երբեք այս աստիճանի մրցակցային տեղական ընտրություններ չէին եղել, որին կմասնակցեին ամենատարբեր քաղաքական ուժեր և խմբավորումներ, որոնք, ըստ էության, ունեին հավասար հնարավորություններ, իսկ ընտրողները՝ լիարժեք ազատություն:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման համոզմունք է հայտնում Ուտրեխտի համալսարանի հետազոտող, քաղաքագետ Հրայր Մանուկյանը՝ անդրադառնալով Գյումրիում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որի արդյունքում ամենաշատ ձայները հավաքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն չի հաղթահարել 50+1-ի շեմը: Երկրորդ և երրորդն տեղերն էլ զբաղեցրած Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ և կազմելով կոալիցիա՝ ստանձնեն իշխանությունը:
Հրայր Մանուկյանը թեև մատնանշում է, որ ընտրությունները մրցակցային են եղել, սակայն միաժամանակ ընդգծում է, որ հակադեմոկրատական քաղաքական ուժերն ու խմբավորումները, որոնք դեմ են ազատ ընտրությունների ինստիտուտին, կողմ՝ խոսքի և հավաքների ազատության սահմանափակմանը, օգտագործում են դեմոկրատական մեխանիզմներ՝ իշխանության գալու համար, սակայն իշխանության գալու պարագայում փորձելու են վերացնել այդ ազատություններն ու ինստիտուտները:
Դիտարկմանը՝ վերոնշյալ ուժերը «Քաղաքացիական պայմանագրին» մեղադրում են վարչական լծակներ կիրառելու, ռեպրեսիաներ իրականացնելու համար, և, ըստ նրանց, հանրությունն էլ դրա համար տվել է իր գնահատականը, Մանուկյանն արձագանքում է. «Սուտ են ասում, և սա այն դեպքն է, երբ գողը գոռում է՝ բռնեք գողին»:
Զրուցակիցը վստահություն է հայտնում, որ, արձանագրված բոլոր խնդիրներով և թերություններով հանդերձ, գյումրեցիներն ունեցել են հնարավորություն՝ լիարժեք արտահայտելու իրենց դիրքորոշումը:
Իսկ ինչո՞ւ է լռում Մարտուն Գրիգորյանը, Մանուկյանը կարծիք է հայտնում՝ սա խոսում է այն մասին, որ նա կապի մեջ է որոշ անձանց հետ՝ քննարկելով իր անելիքները:
Թե կոնկրետ ի՞նչ չեն կարողանում կիսել վերջիններս, դժվար է կռահել, սակայն պարզ է, որ Մարտուն Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի միջև անձնական լարվածություն կա, ասում է զրուցակիցը:
Քաղաքագետի համոզմամբ՝ անգամ եթե այս երկու ուժերը կոալիցիա կազմեն, միևնույն է, որոշ ժամանակ անց այդ կոալիցիան կփլուզվի: Ըստ Մանուկյանի՝ նրանք չեն կարողանա ավագանու նիստեր անցկացնել, որոշումներ կայացնել, ինչից, ցավոք սրտի, առաջին հերթին կուժի Գյումրին և գյումրեցիները:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
456 դիտում , 1 դիտում այսօր