Երեկ երեկոյան ռուսական կայքերից մեդիադաշտում լուրեր հայտնվեցին, թե «ԱՄՆ-ի սպառնալիքներից հետո Իրանը փակել է իր օդային տարածքն ու զորքերը բերել թիվ մեկ մարտական պատրաստության»։
Իրանի պաշտոնյաները դեռ չեն հաստատել երկրի օդային տարածքի փակման մասին խոսակցությունները:
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ Իրանի՝ օդային տարածքը փակ լինելու վերաբերյալ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Վերջինիս խոսքով՝ սա պարզապես տեղեկատվական պատերազմ է, որը Իրանի դեմ տանում են Իսրայելը և Նահանգները։
Ստեփանյանը հիշեցնում է, որ Իրանի ու Ամերիկայի անհամաձայնության պատճառը միջուկային ծրագրի գործարքն է։
Կռվախնձոր դարձած միջուկային գործարքի վերաբերյալ 2015 թվականին Իրանը և միջազգային միջնորդների խումբը համաձայնության էին եկել, որի շրջանակներում Թեհրանը հրաժարվել էր միջուկային զենքի մշակումից պատժամիջոցների վերացման դիմաց: 2018-ին՝ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում, Թրամփը հայտարարել էր գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մասին՝ Իրանին մեղադրելով համաձայնագիրը խախտելու համար և հայտարարել նոր պատժամիջոցների մասին: 2019 թվականին Թեհրանը հայտարարել էր, որ դադարեցնում է պարտավորությունների կատարումը։
2025 թվականի մարտի սկզբին Թրամփը նամակ ուղարկեց Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ հայտնելով, որ նախապատվություն է տալիս Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ նոր գործարքին: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտնել էր, որ Իրանն իր պաշտոնական պատասխանը ուղարկել է Նահանգների նախագահին։
Իրան-ԱՄՆ-Իսրայել․ երեք երկրների այս վտանգավոր խաղը Հարավային Կովկասում անհետևանք չի մնա, նկատում է զրուցակիցը։ Եթե Իրանի վրա հարձակումը լինի, դա վտանգավոր կդառնա նաև Հայաստանի համար։ Պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի, ասում է Ստեփանյանը:
Իրանի շուրջ սպասվող պատերազմը և տեղի ունեցող իրադարձությունները, ըստ քաղաքագետի, նաև հեռվացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
786 դիտում , 1 դիտում այսօր