Գյումրիի ավագանու կազմ անցած՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կուրացիայի ներքո գործող ընդդիմադիր ուժերի «ջրերը» կարծես սկսել են պղտորվել, եթե չասենք՝ արդեն վերածվել են կեղտաջրերի, որոնք միմյանց վրա ցողում ու շփում են Քոչարյանի եւ Սարգսյանի քարոզչական թիմերը, թե՝ «բան ասեք, բան հասկանանք, որ բան անենք ու բան դուրս գա»։
Բանը, որը պետք է ասի «Մեր քաղաքը» դաշինքն առաջնորդող Մարտուն Գրիգորյանը, այս է՝ ի վերջո, միանալո՞ւ է նախկին քաղաքապետ, իր ոխերիմ ախոյան Վարդան Ղուկասյանին եւ նրան արդեն միացածներին։ Եթե նման բան ասի, ապա հաջորդ բանը, որ պետք է լինի այս որոշման արդյունքում, կոալիցիա կազմելն է: Բանը, որը պետք է դուրս գա այս ամենի արդյունքում, Վարդան Ղուկասյանին քաղաքապետ սարքելն է՝ իրագործելով «ՔՊ-ի իշխանազրկումը»։
Հընթացս հիշեցնենք, որ Քոչարյանն ու Սարգսյանը (ինչպես նախընտրական լրահոսն էր մատուցում) ընտրություններին մասնակցում էին իրենց երկուական թեկնածուներով՝ Սերժ Սարգսյանը՝ Մարտուն Գրիգորյանի, Ռուբեն Մխիթարյանի դեմքով, Ռոբերտ Քոչարյանը՝ Վարդան Ղուկասյանի, Կարեն Սիմոնյանի։
Սիմոնյանն ու Մխիթարյանը հայտնել են Ղուկասյանին միանալու իրենց պատրաստակամության մասին, իսկ Գրիգորյանը․․․ ոտքը դեռ կախ է գցում։
Աննախանձ դրության մեջ է հայտնվել Սերժ Սարգսյանի խորհրդարանական ֆրակցիայում պատգամավոր աշխատող Գրիգորյանը, շախմատային լեզվով՝ «պատ»-ային իրավիճակում, որից այս պահին գլուխ հանել չի կարողանում նույնիսկ «գրոսմայստեր» Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանը, որը Գյումրիում ընտրական խաղի մեջ էր մտել երկու «զինվորով»՝ Մարտուն Գրիգորյան եւ Ռուբեն Մխիթարյան, այժմ, երբ հայտնի են քվեարկության արդյունքները, հայտնվել է «տուպիկի» առաջ, որի անունն է Վարդան Ղուկասյան։ Եվ միակ բանը, որը նման իրավիճակում կարող էր անել Սարգսյանը, «ձեռքերը լվալը», Գրիգորյանին ուրանալն էր՝ խաղի ելքի պատասխանատվությունը թողնելով բացառապես նրա վրա։
Ի դեպ, ինքը՝ Գրիգորյանը, եւս նախընտրական փուլում ուրացել էր Սերժ Սարգսյանին, ընդ որում՝ մի քանի անգամ՝ շեշտելով, թե Քոչարյանի և Սերժի օրոք եղել է ընդդիմադիր, ավելին՝ «Սերժ Սարգսյանը նույնիսկ դեմ է էս ընտրություններին մասնակցելուն»։
Սերժ Սարգսյանի ուրացումը տեղի ունեցավ մասնավորապես «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի բերանով, որը կայքերից մեկի տաղավարում ուղղակի հրաժարվեց իրենց խմբակցության ներկայացուցչին ՀՀԿ-ի հետ ասոցացնելուց՝ շեշտելով, թե Գրիգորյանն անկուսակցական է, կարճ ասած՝ իրենց կոլեգան է, բայց… քաղաքապետի իրենց թեկնածուն չէ։
«Եկեք տարանջատում անենք ֆրակցիան եւ ՀՀԿ-ն, ինչո՞ւ եմ սա ասում, քանի որ Մարտուն Գրիգորյանը ո՛չ հիմա, ո՛չ էլ առավել եւս երբեւէ ՀՀԿ-ական չի եղել, եւ նրա առաջադրումից մինչեւ այս պահի քաղաքական որոշումը որեւէ բանով կախված չէ ՀՀԿ-ի դիրքորոշումից։ Գրիգորյանը անկուսակցական է, կարգին մարդ է, մեր ընկերն է, ում հաջողություն ենք մաղթել ընտրություններից առաջ։ Խմբակցությունը չէ Գրիգորյանին առաջադրողը, առավել եւս որոշում կայացնողը կամ որոշում պարտադրողը։ Եվ երբ Գրիգորյանն իր որոշումը կայացնի, դրա հետ կապված մենք մեր խոստումը կամ մոտեցումը կներկայացնենք»,- ասել է Աբրահամյանը։
Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ Մարտուն Գրիգորյանը Գյումրիում ընտրական պրոցեսի մեջ մտնելուց, քաղաքապետի պաշտոնին հավակնելուց առաջ վայր չդրեց իր մանդատը, ինչպես, օրինակ, 2023-ի Երեւանի ՏԻՄ ընտրություններից առաջ արեց քոչարյանական պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։ Շախմատիստ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն պետք է որ նման խնդիր դնեին իրենց խմբակցության պատգամավորի առաջ՝ «եթե ինքնագլուխ որոշել ես մտնել Գյումրիի համար կռիվ տալու մեջ, ուրեմն բարի՛ եղիր, հանրությանը թյուրընկալման մեջ չգցելու համար վայր դիր մանդատդ՝ միանձնյա պայքարդ տանելով որպես շարքային, ՀՀԿ-ի հետ չնույնացվող, Սերժ Սարգսյանի հետ չկապվող Մարտուն Գրիգորյան»։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Մ. Գրիգորյանը ներքաշվել է մի բազմակոմբինացիոն խաղի մեջ, որի այսպիսի ելքը թե՛ իր, թե՛ խաղը ծրագրած խաղավարի համար անակնկալ էր։
Ենթադրություն համար 1. Սերժ Սարգսյանը Գրիգորյանին, որը, ի դեպ, վերջիններից էր, որ հայտարարեց ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին, խաղի մեջ է մտցրել նախկին քաղաքապետ, ընդգծված ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի «տոնը փչացնելու» համար՝ խլելով վերջինիս ձայներն ու չթողնելով, որ կարողանա վերարտադրվել Գյումրիում։ (Նկատենք՝ Սերժ Սարգսյանը նաեւ 2021-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարեց ամենավերջինը, երբ արդեն Քոչարյանը հայտարարել էր դրանց մասնակցելու իր որոշման մասին։ Սերժ Սարգսյանը Սերժ Սարգսյան չէր լինի, եթե թողներ, որ Քոչարյանը առավելագույն ձայներ ստանա խորհրդարանում, առավել եւս՝ վարչապետ դառնա)։
Ըստ Սերժ Սարգսյանի ենթադրյալ պլանի՝ Գրիգորյանը պետք է հանդես գար ընդդիմության ձայները փոշիացնողի առաքելությամբ, ինչպես եւ մյուս թեկնածուն՝ Ռուբեն Մխիթարյանը, որին, ի դեպ, ՀՀԿ-ն թեեւ ոչ բացահայտ, սակայն միանշանակ սատարում էր որպես «Միշիկի ընկեր»։ Եթե այս երկուսին հաջողվեր ընտրությունների շեմը հաղթահարել՝ հավաքելով ցածր տոկոսներ, ապա կարող էին առավելագույնը ընդդիմադիր խմբակցություն աշխատել ավագանիում, ինչպես որ նախկին ավագանու կազմում էր (ՀՀԿ-ն երկու մանդատ ուներ)։ Առավելագույն ձայներ հավաքելու պարագայում, բնականաբար, կարող էին կոալիցիա կազմել եւ ստանձնել քաղաքի կառավարումը։ (Սա «կամ-կամ»-ի սցենարն էր)։
Ենթադրություն համար 2. Սերժ Սարգսյանը, բնականաբար, քաջ իմանալով ՀՀԿ-ի եւ անձամբ իր ծայրահեղ նվազ ռեյտինգի մասին, չէր կարող Գյումրիի համար մղվող քաղաքական ճակատամարտ ուղարկել որեւէ, այսպես ասած, «թղթերով» ՀՀԿ-ականի։ Նույնիսկ ոզնուն է հասկանալի, որ ՀՀԿ-ական թեկնածուի պարտությունն այդ դեպքում երաշխավորված էր։ Սերժ Սարգսյանին պետք էր մեկը, որը, ունենալով քաղաքական պայքարի տարիների փորձառություն, հանրային որոշակի աջակցություն, ամենակարեւորը՝ «թղթերով» ոչ ՀՀԿ-ական եւ ոխակալական տրամադրվածություն՝ ընդդիմադիր ընդգծված թեկնածու Ղուկասյանի հանդեպ, կմտներ նրա դեմ մղվելիք «բոյի» մեջ ու ամեն ինչ կաներ՝ վերջինիս հաղթելու համար։
Մոտիվացված Մարտուն Գրիգորյանն իդեալական թեկնածու էր։ Եթե այդ ճակատամարտում հաղթեր Մարտունը, բնականաբար, հաղթանակի (50+1-ի դեպքում) դափնիները կվերագրվեին Գրիգորյանի՝ դե յուրե քաղաքական կուրատորին՝ Սերժ Սարգսյանին։ ՀՀԿ-ն այդժամ կշեփորահարեր՝ «Գյումրին մերժեց Նիկոլին, վերադարձրեց Սերժին»։ Գրիգորյանի պարտության դեպքում էլ, ենթադրաբար, ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը հեշտ ու հանգիստ, առանց խղճի խայթի (ներողություն ժարգոնի համար) «ուխոդ» կլինեին վերջինիցս՝ ասելով՝ մենք ինչ կապ ունենք, ինքն ինքնագլուխ է մտել պայքարի մեջ։ Մի բան, որն անում են հիմա։ Սակայն քվեների այսպիսի բաշխվածություն, երբ ընդդիմադիր ուժերից ամենաշատ ձայները հավաքել է Ղուկասյանը, Սերժ Սարգսյանը չէր հաշվարկել։ Հենց այդ քվեների՝ ստացած տոկոսների բերումով է, որ Սերժ Սարգսյանը որոշել է իրականացնել «Մարտուն-քավության նոխազ» օպերացիան՝ նրա վրա բարդելով հետընտրական իրավիճակի հանգուցալուծման բեռը։
Եթե Վարդան Ղուկասյանը Գրիգորյանից ցածր տոկոս ստացած լիներ, մեծ հավանականությամբ տեր կլիներ իր խոստմանն ու կմիանար իրենից ավելի բարձր տոկոսներ ստացած ընդդիմադիր ուժերին՝ այսպիսով միանալով ՔՊ-ին իշխանությունից զրկելու «նախընտրական բաշիքյարթմային»։ Իր այս պատրաստակամության մասին Ղուկասյանը, հանուն արդարության, նշել է մի քանի անգամ։ Բայց այժմ, փաստորեն, Սերժ Սարգսյանի կողմից անվանարկված, ՀՀԿ-ից ու պետական կառավարումից իր օրոք իզգոյացված Վարդան Ղուկասյանը հայտնվել է իր կամքը թելադրողի եւ իր «ճիշտն» առաջ տանողի դիրքում՝ ստիպելով Գրիգորյանի քաղաքական կուրատորին բարդ որոշում ընդունել։
Սերժ Սարգսյանը, ինչպես երեւում է, պատրաստ չէ միանալու որոշում կայացնել, ՀՀԿ-ին դնել պատասխանատվության տակ հանուն ոչ ՀՀԿ-ական, ավելին՝ նախկին ԲՀԿ-ական Մարտունի։ Դրա համար էլ լրատվական դաշտ գործուղված Տիգրան Աբրահամյանը որոշեց միայն հիմա հիշել ու հիշեցնել, որ Գրիգորյանը, ճիշտ է, իրենց խմբակցությունից է, բայց ՀՀԿ-ի, իմա՝ Սերժ Սարգսյանի հետ որեւէ առնչություն չունի։ Կարճ ասած՝ ինչ որոշում էլ կայացնի, դա հանկարծ ու հանկարծ թող չվերագրեն Սերժին ու ՀՀԿ-ին։ Իսկ թե ինչպիսի ցնցում կապրի ՀՀԿ-ի՝ առանց այդ էլ ցնցակաթված տարած ռեյտինգը «կրիմինալի ու բռնաբարության» սիմվոլ Վարդան Ղուկասյանին միանալուց, կուսակցության որոշում կայացնող մարմինները շատ լավ գիտեն։
Նկատենք, որ Մարտուն Գրիգորյանը եւս, իր հերթին, ճակատագրական սխալ է թույլ տվել՝ պահելով պատգամավորի մանդատն ու այսպիսով նույնացվելով Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հետ։ Ենթադրելի է՝ եթե նա վայր դներ մանդատն ու ընտրություններին մասնակցեր շարքային գործչի կարգավիճակում, ավելի շատ քվեներ կստանար եւ գուցե իր ստացած տոկոսներով գերազանցեր Վարդան Ղուկասյանին՝ դառնալով, այսպես ասած, ընդդիմադիր խմբակցությունների «հեգեմոնը»։ Այդժամ ինքը կորոշեր՝ որ ուժի հետ միանա, որի հետ միացումը բացառի։ Բացառությունը, անշուշտ, լինելու էր հենց Կոմկուսն իր Վարդանիկով։
Հայտնի չէ՝ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորն արդյոք քննարկում ունեցե՞լ է Սերժ Սարգսյանի հետ մանդատը վայր դնելու հարցով, թե՞ ոչ, սակայն այդպիսի քննարկում ունենալու դեպքում մեծ հավանականությամբ Սերժ Սարգսյանը նրան տարհամոզած կլիներ, քանի որ, տրամաբանորեն, Սերժ Սարգսյանին պետք էր մեկը, որը, ՀՀԿ-ական չլինելով, կկարողանար «խաբս տալ» գյումրեցիներին, ստանալ նրանց ձայներն ու լավագույն դեպքում վերցնել իշխանությունը ՀՀ երկրորդ քաղաքում, վատագույն դեպքում փոշիացնել Վարդան Ղուկասյանի ձայները։
Ընթերցողի մոտ ողջամիտ հարց կարող է առաջանալ՝ իսկ արդյոք նման մարտավարությունը ի նպաստ ՔՊ-ի չէ՞ր, քանի որ Վարդանիկի ձայները «ոչ եւս» անելու դեպքում ՔՊ-ի հաղթանակի հավանականությունն էր մեծանում։ Այս հարցն էլ ունի պատասխան՝ նախկին իշխանությունը երջանիկ մոլորության մեջ է, նրան թվում է, թե իրենց իրականացրած տոտալ հակաքարոզչությունը տվել է իր արդյունքը՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն այլեւս ոչ լեգիտիմ են եւ մերժելի հանրության համար։ Մինչդեռ ընտրությունների արդյունքներն ապացուցեցին՝ Գյումրիում ՔՊ-ն ահռելի տարբերությամբ հաղթել է ընդդիմությանը։ Այսինքն՝ Գյումրին մերժել է նախկիններին, այլապես «50+»-ը նրանց գրպաններում կլիներ, ու այսօր տեղի ունեցող «բազառի» առիթը չէին ունենա։
Վերադառնալով Մ. Գրիգորյանի որոշելիքին. եթե նա հանուն իշխանության միանա իր արյունարբու ախոյանին, ապա այսպիսով «մատաղ կլինի» որպես քաղաքական գործիչ, «կթաղի» ինքզինքը նախ որպես թասիբով՝ արժանապատվություն, սկզբունքներ ունեցող գյումրեցի։ Քաղաքականությունը, իհարկե, զոհեր ու զոհողություններ է պահանջում, հետեւապես առաջիկայում կտեսնենք՝ Գրիգորյանն ինչ է պատրաստ զոհաբերել, ինչն է իր համար ավելի կարեւոր՝ սեփական կենսագրությո՞ւնը, անո՞ւնը, թե՞ վաղանցուկ մի բան՝ իշխանությունը։